Նիժնիյ Նովգոռոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևորական Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը մանրամասներ է հայտնել միջադեպից, երբ ինքը նախորդ կիրակի հրաժարավել է մկրտել նորածին երեխային, քանի որ նրա քավորը պետք է լիներ ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Բոլորդ գիտեք, ես մերժել եմ հայրապետիս, եպիսկոպոսներիս և հոգևորական իմ եղբայրներին հայհոյող, անարգող, տվյալ պարագային ՔՊ կուսակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանին քավոր դառնալ այս եկեղեցում, կնքահայր դառնալ` ասելով, որ կնքահայրը պիտի լինի այս եկեղեցու զավակ, ոչ իրենց ասելով, որ պիտի ընդունի այս եկեղեցու նվիրապետական կարգն ու կանոնը, այդպես գրված է մկրտությունից առաջ հոգևորականին ուղղված խրատի մեջ, որ ասում է պետք է քննենք կնքահոր ով լինելը, ինչ լինելը, օգնենք նրան հասկանալու իրեն ընձեռված պատիվը, որ նա արժանավոր կերպով կարողանա իրեն վստահված սանիկին լինել օրինակ, դաստիարակ և առաջնորդել հոգևոր փրկության։
Այդ մարդը՝ պարոն Նարեկ Գրիգորյանը չունի այդ կեցվածքը հայ եկեղեցու նկատմամբ, որ ինձ կներշնչի վստահություն, որ ինքը կարող է այդ քառասնօրյա մանուկին, որին իմ հորդորով բերել էին եկեղեցի քառասունքի օրը կնքելու, դաստիարակել որպես հայ եկեղեցու զավակ։ Ուստի ես առաջարկեցի և խնդրեցի՝ փոխեք կնքահորը, դրեք մի այնպիսի մարդ, որ չի հայհոյում ինձ, որ ես խաղաղ սրտով ու մտքով իմ աղոթքն անեմ և կատարեմ երեք հրաշք՝ Մկրտության հրաշքը, դրոշմի հրաշքը և սուրբ հաղորդության հրաշքը։
Ինձ մերժեցին, ինձ անպատվեցին, ինձ փորձեցին համոզել, հաճոյանալ, ամեն կերպ, որպեսզի ես իմ որոշումը փոխեմ, բայց դուք ինձ գիտեք, ես իմ որոշումը փոխող չեմ։ Ցավոք սրտի այդ երեխան մնաց, առայժմ մնաց առանց մկրտության ու դրոշմի, բայց վստահ եմ, որ Տերը իրեն ավելի է օրհնել։
Ես ասել եմ՝ ցանկացած ոք ով անարգում է Հայրապետի օծումն ու հայրապետական, նվիրապետական իշխանությունը, մերժում է ինձ։ Ես այդ Հայրապետի օրհնությամբ եմ քահանա ձեռնադրվել, և օծվել եմ այն մեռոնով, որ օրհնել է Նորին սուրբ օծություն, Տեր Տեր Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը։
Բոլոր այն բալիկներն ու մեծահասակները, ում ես օծել եմ և այդ բալիկին էլ, որ պիտի օծեի, օծել եմ ամենայն հայոց Գարեգին երկրորդ հայրապետի օրհնած մեռոնով։ Եթե ինչ-որ մեկի համար Գարեգին Բ ամենայն հայրապետը, հայ եկեղեցու հովվապետն ու քահանայապետը, ընդունելի չեն, ես ինչպե՞ս կարող եմ ընդունելի լինել, իր ձեռքով օրհնված ու օծված քահանան, այս եկեղեցին ինչպես կարող է վավերական լինել»,– հայտարարեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։