BRAVO.am-ը շարունակում է ամառային զրույցների իր շարքը: Այս անգամ տաք եղանակին ոտաբոբիկ քայլելու, սառը ձմերուկ վայելելու եւ պատշգամբում գիրք կարդալ իր սովորությունների մասին մեզ պատմել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը:
– Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք հավանում տարվա այս եղանակը:
– Ամառը պարզապես տարվա եղանակ չէ: Այն հոգու վիճակ է: Ամառը սիրում եմ տաք ասֆալտի ու հասած ծիրանի բույրերի համար: Նաեւ նրա համար, որ կարելի է փորձից հետո թատրոնից լույսով դուրս գալ. ասես օրը քեզ չի ցանկանում բաց թողնել:
– Ամառային ի՞նչ սովորություն կամ արարողակարգ ունեք։
– Անպայման որդուս հետ բնության գրկում ենք լինում: Շատ եմ սիրում խոտի վրա ոտաբոբիկ քայլել:
– Ինչպե՞ս է ամառն ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա:
– Ամռանն ինձ ալիք է պատում՝ ուզում եմ գրել, իմպրովիզ անել, օդից ներկայացումներ կառուցել: Հավատում եմ, որ շոգը մեզնից գոլորշիացնում է ամեն ավելորդ բան, ու մնում է բուն էությունը՝ շատ ստեղծագործական ու շատ կենդանի:
– Ամենաանմոռանալի ու թեժ ամառը:
– Երբ Ալեքսանդրը դեռ շատ փոքրիկ էր ու առաջին անգամ քայլեց: Այն ամառը, երբ երեխան իր առաջին քայլերն է անում, չի մոռացվում:
– Ինչպե՞ս էիք փոքր տարիքում սիրում անցկացնել ամառը:
– Փողոցում: Միշտ փողոցում: Տուն էի վերադառնում միայն ընթրիքի բույրով: Այն ժամանակ Wi-Fi չկար, բայց ազատություն կար, ինչպիսին ունեն թռչունները:
– Ո՞րն է մանկությունից մնացած ամառային ամենալավ հիշողությունը:
– Երբ գիրքը ձեռքիս պառկած եմ ցանցաճոճի մեջ, կողքիս պապիկը վերանորոգում է հեծանիվը, տատիկս կանչում պատշգամբից:
– Ի՞նչ եք հասցրել առաջին անգամ անել այս ամռանը:
– Ինձ թույլ եմ տվել ոչինչ չանել, չպլանավորել, չվերահսկել: Պարզապես լինել:
– Ամառային սիրելի ուտելիքները:
– Խաշլամա, թարմ կանաչի, սառույցով թան ու, իհարկե, ծիրաններ՝ հասած, քաղցր, ներսում արեւ պարունակող:
– Ուտեստներ, որ կարողանում եք պատրաստել:
– Կարողանում եմ պատրաստել ամառային տոլմա, մածունով ու վարունգով ամառային ճաշ, եւ սիրում եմ ջեռոցում բանջարեղեն պատրաստել՝ տնական ձեւով, բայց հոգով:
– Զովանալու տարբերակներ:
– Ջուրը՝ լինի սովորական լոգանք, թե լողալ լճում: Ու նաեւ սառը ձմերուկ՝ սառնարանից հանած:
– Ամռանը դիտելու ֆիլմ կամ սերիալ:
– «Կեսգիշերը Փարիզում», որովհետեւ ամառը միշտ մի քիչ երազանքի մասին է: Ու նաեւ Կիրիլ Սերեբրեննիկովի «Ամառը»՝ որպես համարձակության օրհներգ:
– Լավագույն գրքերը առման մասին:
– Տուվե Յանսոնի «Ամառը» շատ ազնիվ գիրք է: Այն կարդում ես ու հիշում, թե որքան կարեւոր է լուռ եւ ուշադիր լինել: Ու այո, Պրուստի գրքերում նույնպես ամառային բույր կա, եթե կարդաս պատշգամբում:
– Հայաստանում ամռանն այցելելու 3 վայր:
– Սոճիների մեջ զբոսնելու համար՝ Դիլիջանը: Հանուն այնտեղ հասնելու ճանապարհի՝ Տաթեւը, ու պարզապես գիշերային Երեւանը. ամռանն այն առանձնահատուկ է:
– Ինչպե՞ս եք պահում մարզավիճակն ու ի՞նչ առողջ սովորություններ ունեք:
– Շատ ջուր եմ խմում ու աշխատում չուտել ժամը 19:00-ից հետո: Միշտ չի ստացվում, բայց փորձում եմ:
– Ի՞նչն է տարվա այս եղանակին Ձեզ ամենաշատը ոգեշնչում:
– Մարդիկ: Նրանց դեմքերը՝ երբ հանգստանում են, սիրահարվում, երեխաների հետ խաղում:
– Ո՞րն է կատարյալ ամառը Ձեզ համար:
– Տաք ու ճանապարհորդություններով լի ամառը, երբ դրսում մաքուր օդին փորձեր ենք անում, ու երբ կարելի է արթնանալ առանց զարթուցիչի:
– Արդյո՞ք դերասանի աշխատանքն ու արձակուրդը համատեղելի են:
– Երբեմն՝ ոչ: Բայց ես սովորել եմ արձակուրդ գտնել օրվա ընթացքում՝ մեկ բաժակ սուրճը, կարճ ճանապարհը, որդուս հետ գրկախառնությունները: Դա էլ շունչ քաշելու տեսակ է:
– Որտե՞ղ ու ինչպե՞ս եք պլանավորում հանգստանալ:
– Եթե ստացվի, Ալեքսանդրի հետ ծով կմեկնենք: Եթե ոչ, մեզ համար քաղաքային հանգիստ կկազմակերպենք՝ այգում պիկնիկ կանենք, տանիքում կինո կնայենք, զբոսաշրջիկների պես էքսկուրսիաներ կունենանք:
– Ի՞նչ է պետք անպայման հասցնել անել այս 2 ամսվա ընթացքում:
– Լռության օր կազմակերպել (ծիծաղում է,-հեղ.):
– Ինչի՞ բույրն առնել:
– Ռեհանի, ծովի ու լոգանքից հետո որդուս մազերի:
– Ի՞նչ շոշափել:
– Սարերում տաք քարեր ու սառը ջուրը՝ գետակում:
– Ի՞նչ դիտել:
– Գիշերային երկնքին՝ առանց լուսարձակների, աստղերին:
– Որտե՞ղ լինել:
– Այնտեղ, որտեղ նախկինում երբեք չես եղել: Անգամ քաղաքից դուրս: Կարեւորն այն է, որ նոր վայր լինի:
– Ո՞ւմ գրկել պարտադիր:
– Որդուս:
– Ի՞նչ սովորել:
– Բաց թողնել, բայց ոչ մարդկանց, այլ անհանգստությունները:
– Կարդալ:
– Ինչ պատահի, եթե կարդալով կմոռանաս ժամանակի մասին:
– Լսել:
– Առավոտյան փողոցի ձայները: Ու սրտի ձայնը:
– Ի՞նչ չթաքցնել:
– Սեփական ցանկությունները: Ամառը կատարյալ ժամանակ է ազնիվ լինելու համար:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ելենա Վարդանյանի անձնական արխիվից
