«Իրավունք»-ը զրուցել է Աբխազիայի ռուս հայրենակիցների կազմակերպությունների համակարգող միության մամուլի ծառայության ղեկավար ՏԱՏՅԱՆԱ ԼԵՈՆՈՎԱՅԻ հետ: Նշենք, որ նա վերջերս Երեւանում էր եւ մասնակցում էր «Մոսկվայի տանը» կայացած «Երկխոսություն Մոսկվայի հետ» համաժողովին՝ ԱՊՀ երկրների, Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի ավելի քան 60 ռուսախոս զանգվածային լրատվամիջոցների եւ հայրենակցական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին:
— Ինչպիսի՞ն է իրավիճակը հիմա Աբխազիայում՝ նախագահական ընտրություններից հետո, նոր ձեւավորված կառավարության օրոք։
— Գիտեք, կենցաղային առումով ամեն ինչ սկսեց ավելի լավ դառնալ, ամեն ինչ ուրախացնում է: Մեզ մոտ առաջ ամեն ձմեռ լույսն էին անջատում, եւ մենք ապրում էինք մի խիստ գրաֆիկով, երբ օրը մի քանի անգամ հոսանքն անջատվում էր։ Մինչեւ իշխանության փոփոխությունը դա ուղղակի աղետ էր։ Իսկ հետո ստացվեց այնպես, որ պայմանավորվեցին, եւ Ռուսաստանը մեզ էլեկտրականություն էր մատակարարում, նույնիսկ ձմռանը չէին անջատում։ Հիմա արդեն դրա մասին չենք էլ խոսում։ Իմ հասկացությամբ՝ պատրաստվում են էլեկտրական ցանցերը նորոգել։ Ընդհանրապես, ինչպես ասեմ՝ ոչ թե հարաբերությունները, այլ, երեւի, Ռուսաստանի հետ կապերի ինտենսիվությունն է բարելավվել։ Մի տեսակ ավելի ենք մոտեցել։ Ռուսաստան այժմ օգնում է մեզ, դա նկատելի է։ Զբոսաշրջիկների թիվն էլ շատ ավելացել է, շատերն են նոր շինարարություն սկսում, որոշ շենքեր էլ վերանորոգվում են, որոնք տարիներով ավերված վիճակում էին։
Ընդհանուր առմամբ, ես ինչպես եմ տեսնում՝ ամեն ինչ լավացել է։ Նախկինում կար օրենսդրության փոփոխության պատճառ։ Այո, ամեն ինչ շատ բարդ էր, կարծես թե, կտրուկ։ Չէ, թե իբր ուզել էին փոխել օրենսդրությունը, այլ փորձել էին իրականացնել որոշ միջոցառումներ, որոնք օրենսդրության մեջ չէին տեղավորվում։ Հիմա, երբ իրավիճակը փոխվեց, նախագահ Բադրա Գունբան ասաց, որ ինքը չի անի ոչինչ ժողովրդի կամքի դեմ, կամ օրենսդրությանը հակառակ։ Իրոք, ամեն ինչ քննարկման ենթակա կլինի։ Բոլորը վախենում էին, որ հանկարծ Աբխազիայում ինչ-որ բան պատահի, որ նրանք սկսեն դեպի արևմուտք ուղղված քաղաքականություն վարել։ Մտածում էին, որ այլ երկրներից միջամտություն կլինի։
Մեզ մոտ իսկապես շատ էին արեւմտամետ ՀԿ-ները, որոնք աշխատում էին Աբխազիայում։ Ես, իհարկե, քաղաքականությամբ չեմ զբաղվում, ավելի շատ սոցիալական ու մշակութային նախագծերով եմ զբաղված։ Այսպիսով, մոտավորապես այդպես է։ Վերեւից միայն կարող եմ ընդհանուր գնահատական տալ։ Հիմա, կարծես թե, կարգ են հաստատում այդ ամենի շուրջ՝ որքանով հասկանում եմ ու կարող եմ դատել։
— Ձեր մոտ՝ Աբխազիայում, շատ հայեր են ապրում։ Ի՞նչ կարող եք ասել նրանց մասին, հատկապես, որ նախընտրական շրջանում հայերը եւս շատ ակտիվ էին եւ թիրախավորված՝ նախագահի պարտված թեկնածուի՝ Ադգուր Արձինբայի համախոհների կողմից:
— Մենք քվեարկեցինք մի թեկնածուի օգտին՝ գրեթե բոլորով, գրեթե 100 տոկոսով։ Մյուս թեկնածուն վրդովված էր այդ փաստից, խնդիր առաջացավ։ Հայերը մեզ մոտ շատ համախմբված են, շատ ընկերական։ Քանի որ ես զբաղվում եմ մշակութային նախագծերով, դա ինձ համար հարազատ է։ Ամեն տարի նրանք կազմակերպում են «Ամշին» փառատոնը՝ իսկապես մեծ փառատոն է։ Ելույթ են ունենում ժողովրդական համույթներ, երեխաները ելույթ են ունենում, հյուրասիրում են հայկական ուտելիքներով։
Եվ քանի որ ես ռուսական համայնքում եմ, նրանք մեզ նույնպես հրավիրում են, մենք միշտ գնում ենք նրանց հյուր։ Դա միշտ մի հրաշալի, նշանակալի իրադարձություն է։ Իսկ ինչ եղել է նախկինում՝ եթե չեմ սխալվում, հայ համայնքի ղեկավարը դուրս էր եկել Աբխազիայից, նման իրավիճակներ եղել են։ Հայերն աջակցեցին այժմյան նախագահին։ Այսինքն՝ նրա դեմ չէին։ Դրա համար կարծում եմ, որ ամեն ինչ կարգին է հայկական բնակչության համար։
— Ի՞նչ կասեք Վրաստանի հետ Աբխազիայի հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին:
— Դե, Աբխազիան, իհարկե, կցանկանար, որ Վրաստանը ճանաչեր իր անկախությունը։ Այժմ անցկացվում են Ժնեւյան խորհրդակցություններ, որտեղ աբխազական կողմը մշտապես պաշտպանում է իր պահանջները՝ որպեսզի Վրաստանը գոնե ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրի՝ որպես առաջին քայլ։ Բայց Վրաստանը հրաժարվում է։ Մինչ այդ ամեն ինչը ձգձգվում է։ Հույս ունենք, որ երբեւէ դրական տեղաշարժ կլինի։ Այժմ մի քանի երկիր արդեն ճանաչել են մեզ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ