Ռուսաստանի հետ սահման ունենալն է մեզ փրկել. Զալինա Ցխովրեբովա


Միջազգային

«Իրավունք»-ը բացառիկ զրույց է ունեցել «Հարավային Օսեթիան այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր ԶԱԼԻՆԱ ՑԽՈՎՐԵԲՈՎԱՅԻ հետ: Նա վերջերս Երեւանում էր եւ մասնակցում էր «Մոսկվայի տանը» կայացած «Երկխոսություն Մոսկվայի հետ» համաժողովին՝ ԱՊՀ երկրների, Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի ավելի քան 60 ռուսախոս զանգվածային լրատվամիջոցների եւ հայրենակցական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին:

— Ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը Հարավային Օսեթիայում։ Ինչպե՞ս է հասարակությունը արձագանքում Ռուսաստանի վարած քաղաքականությանը, այդ թվում Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական օպերացիային:

— Ինչ վերաբերում է Հարավային Օսեթիայի հասարակական-քաղաքական իրավիճակին, մեր պատմությունը շատ նմանություններ ունի։ Իմ հայրը պատմաբան էր՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թեկնածու։ Ուներ գրած բազմահատոր «Հարավային Օսիայի պատմությունը»՝ փաստաթղթավորված։ Այդտեղ նշվում է, որ Քրիստոսի ժամանակներում, նոր դարի սկզբում, Հարավային Կովկասում երկու քաղաքական կազմավորում կար՝ Ալանյա եւ Ուրարտու։ Եվ եթե նայենք մյուս պատմական էջերին՝ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի պատմությանը, նման բաներ տեղի են ունեցել նաեւ մեզ մոտ՝ 90-ականներին։ Ստեղծվեց Հարավօսական հանրապետություն՝ հարեւանությամբ Հյուսիսային Օսիայի։ Բարեբախտաբար՝ ունենք ընդհանուր պետական սահմանի գոյություն Ռուսաստանի հետ։ Սա՝ սկզբունքային տարբերություն է։ Եվ արդեն ցարական ժամանակներից միասին ենք եղել Ռուսական Կայսրության կազմում։

Ստալինն իրականացրեց «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը՝ բաժանելով մեզ աշխարհագրորեն՝ առանց հաշվի առնելու ազգային շահերը։ Վերջերս Հարավային Օսիայում նշում էինք օս ժողովրդի ցեղասպանության 105-ամյակը։ Այդ օրերին Երեւանում էի եւ հիշեցի նաեւ հայ ժողովրդի ցեղասպանությունը ու Լեռնային Ղարաբաղի դեպքերը։ Դա ստիպում է մտածել…

Ես՝ որպես մայր եւ մարդ, չեմ կարող ասել, թե բացարձակ պացիֆիստ եմ։ Ես տեսել եմ՝ ինչպես է ընտանիքս մասնակցել ազգային ազատագրական պայքարին։ Եվ այսօրվա համաշխարհային իրավիճակն ինձ վախեցնում է։ Իմ տարիքային մարդկանց համար առաջնային են դառնում մեր երեխաների ու թոռների ապագան։ Բայց երբեմն փորձում եմ անջատվել՝ հատկապես այսպիսի գեղեցիկ քաղաքում գտնվելիս, ինչպիսին Երեւանն է։ Ասում եմ՝ պատերազմները միշտ եղել են։ Բայց բարեբախտաբար՝ միշտ ավարտվել են խաղաղությամբ։

1961-ին կարիբյան ճգնաժամ կար, հիշում ենք։ Բայց, ի վերջո, հաղթեց ողջախոհությունը։ Եվ հիմա էլ ես հույս ունեմ, որ ողջախոհությունն ու մարդասիրությունը կհաղթեն։ Քրիստոսը մարդկությանը բարձրացրեց նոր մակարդակի։ Բոլոր կրոններն էլ, ուսումնասիրելով՝ հասկանում ես, որ հիմնականում հումանիստական նույն սկզբունքներն են տարածում։ Ես հավատում եմ, որ այդ ուժերը հաղթելու են, եւ խաղաղություն կլինի՝ ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ ձեզ մոտ, ե՛ւ Իրանում, ե՛ւ Իսրայելում, ե՛ւ ամենակարեւորը՝ Ուկրաինայում։

— Իսկ ի՞նչ կասեք Վրաստանի հետ Հարավային Օսեթիայի հարաբերությունների մասին։ Որքանո՞վ է հնարավոր, որ մոտ ապագայում կարող է այն կարգավորվել:

Չգիտեմ… Ես ողջ կյանքում ապրում եմ Հարավային Օսիայում։ Եվ նույնիսկ դպրոցում սովորելիս, ցեղասպանությունը մեզ վրա գործել է Վրաստանը, ոչ թե Օսմանյան կայսրությունը։ Իմ հայրական պապին 1920 թվականին սպանել են իրենց իսկ գյուղում՝ իր սեփական տան մեջ, որտեղ կանգնած էր տապան՝ կառուցված 18-րդ դարում իմ պապի կողմից։ Պապս՝ երիտասարդ, կնոջ եւ կրծքի տակ երեխայի հետ, փախել է Կովկասյան լեռնաշղթայի վրայով։ Ես ինքս՝ ուսանող ժամանակ, ալպինիստական սարքավորումներով եմ անցել այդ լեռնանցքը։ Եվ մաշկովս զգացել եմ, թե ինչ դժվար է եղել։ Եվ այդ տղան մեծացել է, դարձել մարդ, այժմ հանգչում է Պիսկարյովի գերեզմանատանը։ Հիմա իմ եղբորորդին կռվում է Ուկրաինայում։ Իմ ամուսինն ու եղբայրը 90-ականներին եւ 2008-ին պաշտպանել են մեր քաղաքը։

Վրաստանի հետ կան բանակցությունների ձեւաչափեր։ Բայց արդեն մի սերունդ է մեծացել՝ իմ երեխաները, որոնք չգիտեն վրացերեն։ Իսկ Վրաստանում մեծացել են իմ ընկերների երեխաները։ Իմ վրացի դասընկերները դեռ ապրում են այնտեղ, բայց մեր ընկերությունը չի դադարել։

Սակայն, վրացական քաղաքական վերնախավը դեռ չի ընդունել, որ հենց իրենք են հարձակվել Հարավային Օսիայի վրա։ Այն ժամանակ Վրաստանում գործող նախագահը նույնիսկ ասում էր՝ «մենք եղբայր ժողովուրդ ենք, միասին մեծացել ենք» եւ այլն, եւ հանկարծ՝ սկսվեց ռմբակոծությունը։ Եվ հիմա էլ հայտարարում են, թե դա իրենց տարածքն է։

Ես՝ որպես պատմաբանի դուստր, միայն կարող եմ ասել, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հարավային Օսիայում մարդիկ ապրել են հնագույն ժամանակներից։ Այդտեղ կան քարանձավներ՝ քարե դարաշրջանի մարդկանցով։ Եթե սկսենք պարզել՝ ով երբ է ապրել, ուրեմն՝ պիտի պարզենք նույնիսկ այդ քարանձավային մարդու ազգությունը։ Այժմ այդտեղ ապրում են օսեր, հայեր ու այլ ազգեր, եւ նրանք ցանկանում են ունենալ իրենց հանրապետությունը։

Վրացական ղեկավարությունը պիտի դա ընդունի եւ գոնե ստորագրի չհարձակման պայմանագիր։ Դա չի նշանակում անկախության ճանաչում։ Բայց նույնիսկ դա չեն անում։ Իսկ վրացական էլիտաների կիսախաղերը Ռուսաստանի հետ՝ շատ են կասկած հարուցում։ Կան անկեղծ մարդիկ, կան անազնիվ քաղաքական կուրսեր։ Բայց Հարավային Օսիան իմ կարծիքով ճիշտ որոշում ընդունեց՝ դաշնակցելով Ռուսաստանի հետ։

Այն, ինչ չհաջողվեց անել Լեռնային Ղարաբաղի դեպքում։ Ըստ Ձեզ, ինչպե՞ս եղավ, որ Դուք կարողացաք ավելի ճիշտ որոշում ընդունել։ Ի վերջո, դա ժողովո՞ւրդը որոշեց, թե՞ իրավիճակը ստիպեց:

— Կարծում եմ՝ ինչպես առանձին մարդու ճակատագիրն է լինում, այնպես էլ պետության։ Ես ֆատալիստ չեմ, բայց ոչ ամեն ինչ է ենթարկվում պատմական վերլուծության։ Նույնիսկ այնպիսի խոշոր հակամարտությունների հետեւում, ինչպիսիք են Իրան-Իսրայել, Ուկրաինա-Ռուսաստան, կան շատ ավելի հզոր խաղացողներ։ Հենց այդպես՝ փոքրիկ Հարավային Օսիայի շուրջ խաչվեցին խոշոր ուժերի շահերը։ Երեւանում կայացած վարպետության դասի ժամանակ մի օրինակ հնչեց, թեինչպես կարող է ուղիղ եթերում իրավիճակ փոխվել։ Ես էլ մի օրինակ նշեմ՝ իմ ծանոթը՝ Ցխինվալից, վաղուց տեղափոխվել է ԱՄՆ։ Մի անգամ Fox News-ի ուղիղ եթերում՝ իր զարմուհու հետ խոսեց։ Նրա նպատակը մեկն էր՝ ասել, որ Վրաստանն է հարձակվել Հարավային Օսիայի վրա, իսկ Ռուսաստանը՝ պաշտպանել։ Բայց ուղիղ եթերը հանկարծ ընդհատվեց։ Տվեցին գովազդ, որի մեջ ասվում էր՝ «Ռուսաստանի հարձակումը Վրաստանի վրա»։ Ահա այսպիսի «ազատ» երկիր է ԱՄՆ-ն, որը մեզ սովորեցնում է ժողովրդավարություն եւ խոսքի ազատություն: Ընդհատեցին նրա եթերը, բայց նա հասցրեց ասել այդ ամենը։ Եվ այդ քաջության համար նրան Հարավային Օսիայի ղեկավարությունը պարգեւատրեց։ Ես ինքս դա եմ ապրել։ Միակ բանը, որի մասին մտածում էի՝ «Արդյոք ռուսական բանակը կմտնի եւ կպաշտպանի մեզ»։ Այո՛, հենց ընդհանուր պետական սահմանն էր մեզ փրկել։ Ցավոք, երբեմն այդպիսի քաղաքական իրավիճակ է լինում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Leave a Comment