Ես չեմ կիսում այն տեսակետը, թե իշխանությունն ահաբեկչություն է կանխել։ Իշխանությունը էլ գիտի, որ այդ ձևի ահաբեկչություն չեն անում՝ 2000 հոգի հավաքագրեն, խմբեր ստեղծեն, Հայաստանով մեկ ինչ-որ բաներ անեն և ահաբեկչության ճանապարհով գան իշխանության։ Եկան իշխանության, ի՞նչ են անելու, ո՞ր երկիրն է այդ իշխանության հետ հաշվի նստելու, ոչ մի երկիր էլ հաշվի չի նստելու։ Սա գիտակցում է և Նիկոլ Փաշինյանը, և Բագրատ Գալստանյանը, և բոլորը։ Դա հնարավոր չի այս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, այս լարվածության պայմաններում, հետեւաբար, ես դրան չեմ հավատում,-նման տեսակետ է հայտնում ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ընդգծելով.
-Ուրիշ շատ փափուկ ձև կա, երբ որոշ ուժեր, ոչ թե 2000 հոգի, այլ մի 100-200 հոգի կարող են դրանով առաջնորդվել։ Ես այդ մասին շատ եմ խոսել ՔՊ–ում եղած ժամանակ։ Ես նույնիսկ կանխատեսել էի անցած տարվա հունիսի 12-ի հանրահավաքը։ Այսինքն, սա սուտ է, շղարշ է այլ նպատակների հասնելու համար։ Երկրում այս մթնոլորտի ստեղծումը պայմանավորված է հավանական, վտանգավոր որոշումների ընդունումը ստվերելու համար։ Վտանգավոր որոշումներն են ճանապարհի արտապատվիրակումը, նաև փախստականների վերադարձի հարցը։ Հիմա այդ արտապատվիրակումը ես լավ չեմ հասկանում, հետևաբար չեմ կարող մանրամասն այդ հարցի շուրջ խոսել։ Չգիտեմ՝ լավ է, թե վատ է, թե ինչը ոնց պիտի արվի, որտեղ է երաշխիքը, որ այդ անկախ կազմակերպությունը չի գտնվի Թուրքիայի կամ Ադրբեջանի ազդեցության տակ։ Այդ դեպքում դա նշանակում է ուղիղ իմաստով սուվերեն իրավունքներից զրկվել։
Ես մի բան գիտեմ, եթե բոլորն ուզում են, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, միակ ճիշտ ելքը Սյունիքի տարածքով թունել փորելն է, որ ադրբեջանցիներն ու թուրքերը դրանով անցնեն, գնան: Մենք էլ իրավունք ունենք ամիսը մի անգամ այսպես կոչված մոնիթորինգ անցկացնել, տեսնենք՝ մեջը հո ուրիշ փիս-փիս բաներ չեն անում։ Հիմա կասեն, շատ մեծ ծախս ա, խի էդ արտապատվիրակումը ծախս չի ներկայացնո՞ւմ իրանից։ Թուրքիան ու Ադրբեջանն էլ են ուզում խաղաղություն տարածաշրջանում, բայց իրենց խաղաղության պատկերացումը էապես տարբերվում է մեր խաղաղության պատկերացումից։ Իրենք ուզում են, որ այս տարածաշրջանում չլինի հայ և լինի խաղաղություն:
Անդրադառնալով եկեղեցուն թիրախավորելու Փաշինյանի կոչերին, պատգամավորը նկատում է.
– Չկա տենց բան, նշանակում է իր նպատակը եկեղեցուն եթե ոչ ոչնչացնելն է, գոնե հնազանդեցնելն է, որը շատ վատ է։ Ես կարծում եմ՝ վարչապետը որևէ բան չի կարա անի, ես գիտեմ, որ եկեղեցում կան շատ ուժեղ պատրաստված անհատներ, էդ մակարդակի անհատներ, որոնք պետք է թույլ չտան, որպեսզի որևէ մեկը իր քիթը խոթի եկեղեցու գործերի մեջ: Միեւնույն ժամանակ չեմ բացառում, որ կլինեն քաղաքացիական բախումներ, քանի որ Փաշինյանը կոչ է անում, որ հավատավոր ժողովուրդը դուրս գա պայքարի և հեռացնի կաթողիկոսին։ Կարող է և հասնի այդ հանգամանքին, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը կոչ է անում այն մի թևին, մյուսները կարող են կոչ անել մյուս թևին։ Երբ այս ամենն այսօր է տեղի ունենում, անհանգստությունից սարսռում ես, որ սրա հետևում ինչ-որ բան է թաքնված, որ պիտի տեղի ունենա և հետո մենք արդեն չկարողանանք բան անել։ Սրա հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետությունը, իշխանությունը չի զբաղվելու Արցախի խնդրով, ինչի հետ ես միանշանակ համաձայն եմ։ Բայց թույլ չտալ եկեղեցուն զբաղվել այդպիսի խնդիրներով, որ հենց եկեղեցու սկզբունքներից մեկն է, դա անհանգստացնող է։