«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը թիմակիցներից ոմանց ասել է, որ հաջորդ տարվա փետրվարին, ըստ ամենայնի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։
Հիշեցնենք, որ անցած փետրվարին նա հայտարարեց՝ Հայաստանը սառեցնում է անդամակցությունը կառույցին։
Իսկ դրանից առաջ` ամիսներ շարունակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ քննադատում էին ՀԱՊԿ-ին` իր պարտականությունների թերացման մեջ, հայտարարում, որ դա է անդամակցության սառեցման պատճառը։
2023 թ. սեպտեմբերից էլ Հայաստանը, ըստ Փաշինյանի, դադարել է մասնակցել ՀԱՊԿ գործընթացներին։
Իսկ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, եթե անդամ պետություններից որևէ մեկը երկու տարի չի վճարում անդամության գումարը և բյուջեով նախատեսված ծախսերը, ապա քննարկում են այդ պետության՝ կառույցում մնալու նպատակահարմարությունը։
Փաշինյանը հասկացրել է՝ հնարավոր է իրենց դուրս թողնեն կառույցից, եթե ոչ` մենք կմտածենք այդ մասին։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ բյուջեն բաշխված է անդամ բոլոր երկրների միջև. դրա կեսը վճարում է Ռուսաստանը, մնացած 50%-ը հավասարապես բաշխված է մյուս 5 մասնակիցների միջև:
Նախօրեին էլ Նիկոլ Փաշինյանը, իր ասուլիսում խոսելով ՀԱՊԿ-ի մասին, ասաց՝ ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, քան կապասառեցնի հարաբերությունները։
Սակայն պետք է հիշել, որ հնարավոր չէ ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց ԵԱՏՄ-ին անդամակցել:
Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալը և Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների դադարեցումը կարող են տնտեսական աղետի հանգեցնել:
News.am