Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնանկության մութ պատճառները

Հեղափոխությունը խժռում է զավակներին։ Ռոմանոս Պետրոսյանն էլ ազատվեց ՊՎԾ ղեկավարի պաշտոնից:

Ի՞նչ է արել Ռոմանոս Պետրոսյանը, որ գործից հանեցին։ Քանի դեռ պատճառների վրա լույս չի սփռվել, հանրային խոսույթում շրջանառվում են մութ պատմություններ, ասեկոսեներ ու ենթադրյալ վարկածներ։

Առաջին վարկածն այն է, որ Ռոմանոս Պետրոսյանը ներքաշվել է կոռուպցիոն լուրջ սկանդալի մեջ, մեծ գործ է բռնել։ Բայց բանը դիվանբաշուն չի հասել։ Զոհը միանգամից դիմել է Փաշինյանին։ Վերջինս էլ խիստ բարկացել է, որ իր թիմակիցը կոռուպցիայով է զբաղվում ու նրան ազատել է աշխատանքից։

Երկրորդ վարկածն առնչվում է նրա պասիվությանը։ Ասում են, թե նա հրաժարվել է մասնակցել «Կրթվելը նորաձև է» արշավին, այսինքն՝ մարդ չի հավաքագրել, չի բերել հանդիպումներին, ինչպես անում են ՔՊ-ական բոլոր մանր ու մեծ պաշտոնյաները։ Նկատենք, որ «Կրթվելը նորաձև է»-ն Փաշինյանի համար առաջնային նշանակության միջոցառումն է, այն ըստ էության՝ նախընտրական քարոզարշավ է։ Այսինքն՝ Ռոմանոս Պետրոսյանը կարևոր կուսակցական հանձնարարություններ կատարելիս պասիվություն է ցուցաբերել, ինչի արդյունքում հեռացվել է պաշտոնից։

Երրորդ վարկածով ենթադրվում է, որ Ռոմանոս Պետրոսյանին գործից ազատել են ռուսների պահանջովը։ Հայաստանում բազմաթիվ ենթակառուցվածներ դեռ ռուսների ձեռքում են։ Եվ Ռոմանոս Պետրոսյանը, կարծելով, թե ՀՀ տարածքում ինքն իրոք լուրջ պաշտոնյա է, քիթը մտցրել է ռուսների գործերի մեջ։ Ռուսները բողոքել են Փաշինյանին, վերջինս էլ հեռացրել է իր թիմակցին պաշտոնից։

Մեկ այլ վարկածով էլ ենթադրվում է, որ Աննա Հակոբյանն է Ռոմանոս Պետրոսյանի ազատման հարցում գլխավոր դերակատարը։ Հայտնի է, որ վարչապետի տիկինը պարբերաբար հանգանակություններ է կազմակերպում, ներգրավում գործարարների, մեծահարուստների, որոնք մեծ գումարներ են նվիրաբերում «Իմ քայլը» հիմնադրամին։ Բնականաբար՝ նվիրատուներն ակնկալում են, որ պետական կառույցները նրանց անհարկի չանհանգստացնեն։ Աննա Հակոբյանն էլ, հավանաբար, երաշխավորում է, որ կապահովի նվիրատուի պաշտպանությունը պետական կառույցների, այդ թվում՝ ՊՎԾ-ի անհարկի գրոհներից։ Այս վարկածով՝ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է պաշտոնից, քանի որ ստուգումներ է իրականացրել Աննա Հակոբյանի հովանավորյալների մոտ։ Վերջիններս բողոքել են Աննա Հակոբյանին ու ՊՎԾ պետը պաշտոնանկ է արվել։

Մեկ այլ վարկածով էլ թեման առնչվում է եկեղեցուն։ Ռոմանոս Պետրոսյանն, ասում են՝ խիզախություն է ունեցել և կուսակցական զրույցներից մեկի ժամանակ առաջարկել է դադարեցնել կաթողիկոսափոխության արշավը, քանի որ այն հանրային աջակցություն չունի, գցում է կուսակցության վարկանիշը, հանդիպում է հանրային դիմադրության և այլն։ Այս առաջարկությունը խիստ նյարդայնացրել է Փաշինյանին ու թիմակիցը հրաժեշտ է տվել պաշտոնին։

Նման մեկ վարկած էլ առնչվում է ՀԷՑ-ին։ Հայտնի է, որ ՔՊ-ական իշխանությունները պատրաստվում են ազգայնացնել ՀԷՑ-ը։ Այդ նպատակով պետական կառույցները մի քանի ուղղություններով գրոհներ են սկսել ՀԷՑ-ի դեմ։ Ասում են, թե Ռոմանոս Պետրոսյանը հրաժարվել է ստուգումներ իրականացնել ՀԷՑ-ում։ Այդ սաբոտաժն էլ դարձել է գործից ազատման պատճառը։

Կարճ ասած՝ ստույգ հայտնի չէ, թե ինչ պատճառով հին ՔՊ-ականը զրկվեց հարկատուների միջոցներն անպատասխանատու վայելելու արտոնությունից։ Եվ կա ռիսկ, որ նա կարող է անցնել ընդդիմության ճամբարն ու այնտեղ շարունակել քաղաքական գործունեությունը։

Թաթուլ Մկրտչյան

Leave a Comment