Արդեն հայտնել ենք, որ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ Տևական ժամանակ է՝ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե նա նշանակվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում պետական կառավարիչ։ Փորձեցինք այդ տեղեկությունը ճշտել Պետրոսյանից, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
ՀԷՑ-ում պետական կառավարիչ նշանակելու հնարավորություն տվող օրենսդրական փոփոխությունը ԱԺ-ն իշխող ՔՊԿ-ի «կողմ» ձայներով ընդունեց այս ամսվա սկզբին, երբ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը քննադատեց Նիկոլ Փաշինյանին՝ պնդելով, թե նա արշավ է սկսել եկեղեցու դեմ։ ՀԷՑ-ում պետական կառավարիչ նշանակելու լիազորությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին է օրենքով վերապահված։ Կառույցից ո՛չ թեկնածուի, ո՛չ նշանակման ժամկետների վերաբերյալ տեղեկություն չհայտնեցին։
ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը Factor.am-ի հարցին ի պատասխան նշեց, որ ո՛չ կառավարությունից, ո՛չ հանձնաժողովից որևէ տեղեկություն չեն ստացել այն մասին, որ առաջիկայում ընկերությունում պետական կառավարիչ է նշանակվելու։ Հարցին՝ արյդո՞ք նման տեղեկություն ունեն, որ Ռոմանոս Պետրոսյանի թեկնածությունն է քննարկվում, Դավիթ Ղազինյանն ասաց՝ այնքանով, որքանով մամուլն է գրում այդ մասին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում