Թաիլանդում ձերբակալվել է բուդդայական վանականներին գայթակղելով և շանտաժի ենթարկելով 12 միլիոն դոլար վաստակած մի կին

Թաիլանդի ոստիկանությունը երեքշաբթի ձերբակալել է մի կնոջ, որը, ենթադրաբար, մի խումբ բուդդայական վանականների ներքաշել է սեռական հարաբերությունների մեջ, ապա ինտիմ մտերմությունը թաքցնելու դիմաց ստիպել է նրանց խոշոր գումարներ վճարել, հաղորդում է Associated Press-ը։
Վերջին շաբաթներին Թաիլանդում վանականի կուսակրոնության երդման հնարավոր խախտումը ցնցել է բուդդայական հաստատությունները և գրավել հանրության ուշադրությունը։ Սկանդալում ներգրավված առնվազն ինը վանահայրեր և ավագ վանականներ կարգալույծ են հայտարարվել և վտարվել են վանականությունից, հայտնել են Թաիլանդի թագավորական ոստիկանության կենտրոնական քննչական բյուրոյից։
30-ամյա Վիլավան Էմսավաթը ձերբակալվել է մայրաքաղաք Բանգկոկից հյուսիս Նոնթաբուրի նահանգում գտնվող իր տանը՝ շորթման, փողերի լվացման և գողացված ապրանքներ ստանալու մեղադրանքներով։ Ոստիկանությունը հայտնել է, որ նրանք հետևել են այն գումարին, որը նրան փոխանցել էր ավագ վանականը՝ Թաիլանդի հյուսիսում գտնվող իր տաճարին պատկանող բանկային հաշվից: Վիլավանը ձերբակալությունից ի վեր որևէ հայտարարություն չի արել, և պարզ չէ՝ արդյոք նա ունեցել է իրավաբանական ներկայացուցչություն։ Ձերբակալությունից առաջ տեղական լրատվամիջոցների հետ զրույցում նա խոստովանել է մեկ սիրավեպի մասին և հայտնել, որ փող է տվել վանականին։
Թաիլանդում տարեկան մի քանի անգամ վանականներին առնչվող աղմկահարույց փաստեր են ի հայտ գալիս, սակայն սովորաբար դրանք չեն վերաբերում հոգևորականության բարձրաստիճան անդամներին։ Դեպքը նաև ուշադրություն է հրավիրում վանահորերի կողմից վերահսկվող տաճարներին նվիրաբերված խոշոր գումարների վրա, ինչը կտրուկ հակադրվում է այն ժուժկալ ապրելակերպին, որը նրանք պետք է վարեն իրենց կրոնի պատվիրաններին համապատասխան։
Ոստիկանությունը հայտնել է, որ Վիլավանը դիտավորյալ թիրախավորել է ավագ վանականներին՝ ֆինանսական շահույթ ստանալու նպատակով, նշելով, որ նրանք պարզել են, որ մի քանի վանականներ մեծ գումարներ են փոխանցել, երբ Վիլավանը սիրային հարաբերություններ է սկսել նրանց հետ։
Ոստիկանությունը հայտնում է, որ վերջին երեք տարիների ընթացքում Վիլավանի բանկային հաշիվներին մուտքագրվել է մոտ 385 միլիոն բատ (11,9 միլիոն դոլար), սակայն այդ գումարի մեծ մասը ծախսվել է առցանց մոլեխաղերի կայքերում։

Leave a Comment