Հայաստանը սահուն կերպով գնում դեպի թուրքական աշխարհ. Շարմազանով


Ներքաղաքական

Ի պաշտպանություն արցախցիների իրավունքների եւ սոցիալական հարցերի բարձրացման Ազատության հրապարակում տեղի ունեցած սակավամարդ հանրահավաքից հետո ազդարարված նստացույցն էլ Արցախի իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ դադարեցնում է: Խորհուրդն արձանագրում է՝ փողոցային պայքարը չունի բավարար հանրային աջակցություն։ Այս հանգամանքները հիմք են հանդիսացել նաեւ խորհրդի կողմից որոշում կայացնելու՝ դուրս գալ Արցախի ներկայացուցչության շենքից, որտեղ տեղակայվել էին նախորդիվ իրականացված վրանային նստացույցից հետո: Այս մասին զրուցել ենք ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:

Արցախցիների կազմակերպած բոլոր հանրահավաքներին ՀՀԿ-ականները ներկա են, այդ թվում եւ Դուք: Ի՞նչ կարելի է դեռ ակնկալել այս կառավարությունից՝ նման հանրահավաքներով ու ակցիաներով:

— Ես այս կառավարությունից դրական իմաստով ոչինչ չեմ սպասում: Արցախցիներին աջակցում ենք եւ մասնակցում իրենց կազմակերպած հանրահավաքներին, որովհետեւ Արցախի իրավունքների պաշտպանությունը Հանրապետական կուսակցության կարեւորագույն հիմնադրույթներից է: Առհասարակ բոլոր այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, ում համար 3-րդ հանրապետության իդեալները թանկ են, պետք է կանգնած լինեն արցախցիների եւ արցախյան հարցի կողքին: Այդ իմաստով մենք չենք կարող միայնակ թողնել իրենց:

Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը Աբու-Դաբիում: Ի՞նչ է տալու Հայաստանի Հանրապետությանը կամ ի՞նչ է վերցնելու:

— Նախ դասական իմաստով Հայաստանի 3-րդ հանրապետություն այլեւս գոյություն չունի, որովհետեւ հայկական Արցախ չկա, ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիր չկա, եկեղեցու բացառիկություն չկա, ընդհակառակը՝ կա եկեղեցու, Վեհափառի նկատմամբ հարձակում, Անկախության հռչակագրի դրույթների մերժում Նիկոլ Փաշինյանի կողմից: Այն արժեքները, բովանդակությունը, որը 1988-ին դրվել է եւ որին 1991-ին հայ ժողովուրդն «այո» է ասել, այսօր չկա: Մենք այսօր ապրում ենք Հայաստանի թրքացման ժամանակաշրջանում: Այսքանից հետո՝ ի՞նչ սպասել, ոչ մի լավ բան:

— Կանխելու ելքը, ճանապարհը ո՞րն է։

Կանխելու ելքը շուտ ենք ասել՝ համախմբումն է: Խոսքը քաղաքական ուժերի մասին չէ, այլ՝ ազգի: Մենք ունենք շատ հստակ այլընտրանք՝ կա՛մ Հայաստանի Հանրապետությունը փրկվում է՝ ազգային պետություն փշրանքները, կա՛մ Հայաստանը դառնում է Թուրքիայի ֆիլիալ, վե՛րջ:

— Ստեղծված իրավիճակում որքանո՞վ կարող են էֆեկտիվ լինել արցախցիների հատվածական, սոցիալական խնդիրների հարցերով կազմակերպված հավաքները:

Ինչքանո՞վ է կոռեկտ ես հիմա այս մարդկանց քննադատեմ: Ես գնացել էի հանրահավաքի` իմ աջակցությունը ցույց տալու: Բայց բազմիցս ասել եմ՝ այն, ինչ հիմա Հայաստանում տեղի է ունենում, դա հետեւանքն է: Հետեւանքն է այն թունավոր պտուղների, որոնք ցանվել է դեռ 2018 թվականին: Հիմա ի՞նչ եք զարմանում, առնվազն Ձեզ տված հարցազրույցներում վերջին 5-6 տարում ասել եմ, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կորցնում է իր պետական, ազգային նկարագիրը եւ սահուն կերպով գնում է դեպի թուրքական աշխարհ։

Դե ոմանք դեռ այն օրակարգի մեջ են, թե՝ ոչինչ, ինչ լինում է, կարեւորը` նախկինները հետ չգան…

Ես շնորհավորում եմ իրենց՝ նախկինները հետ չեն գա, Էրդողանի ձագերին թող դիմավորեն։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Leave a Comment