Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ ձևաչափը վաղուց չի գործում, հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ի մամուլի ասուլիսին՝ տարածաշրջանային հաղորդակցային ուղիների ապաշրջափակման համատեքստում ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան։ «Այդ ձևաչափը չի գործում ձեզ հայտնի հանգամանքների բերումով․ առկա են տարընթերցումներ առկա տեքստի շուրջ, պրակտիկ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև [ձևաչափը չի գործում], անկեղծ ասենք, առկա որոշակի անվստահության պատճառով», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ աշխատանքային խումբը ձևավորվել է երեք երկրների ղեկավարների 2021-ի հունվարի 11-ի համատեղ հայտարարության հիման վրա՝ միտված լինելով Հարավային Կովկասի կապուղիների ապաշրջափակման հարցերի լուծմանը։ Փոխվարչապետների մակարդակով հանդիպումները տեղի են ունեցել 2021-2023 թվականներին։