Խավիեր Տեբաս․ ««Բարսելոնան» պատրաստ չէր այդ երաշխիքներն ապահովել»

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Բիլբաոյի «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության ձախողումը։ Նրա խոսքով՝ կատալոնական ակումբը պատրաստ չէր բավարարել ֆուտբոլիստի պահանջները՝ կապված գրանցման երաշխիքների հետ։

«Ես լսել եմ, որ Ուիլյամսը խնդրել է երաշխիքներ իր գրանցման վերաբերյալ։ Չեմ կարող հաստատել պայմանագրի բոլոր մանրամասները, բայց ինձ հասած տեղեկություններով՝ «Բարսելոնան» պատրաստ չէր այդ երաշխիքներն ապահովել։ Կարծում եմ՝ նրանք նույն իրավիճակում են, ինչ նախորդ մրցաշրջաններում՝ պայմանագիր են կնքում, իսկ հետո սպասում մինչև վերջին պահը՝ գրանցելու ֆուտբոլիստներին։

Սա կարող է այնպիսի իրավիճակ ստեղծել, երբ որոշ աստղեր պարզապես կվախենան դիմել այդ ռիսկին և կհրաժարվեն նման առաջարկներից»,- Տեբասի խոսքերն է փոխանցում Barca News-ը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» վերջին տարիներին մի քանի անգամ բախվել է ֆինանսական կարգավորումների պատճառով առաջացած գրանցման խնդիրներին, այդ թվում՝ 1:1 կանոնի խախտման հետևանքով, որի արդյունքում որոշ նորեկներ ստիպված են եղել սպասել գրանցմանը մինչև վերջին պահը։

Leave a Comment