Փաստաբան Մարինե Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ի պատասխան ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների վերաբերյալ երկրորդ հայտարարության:
Հարգելի տկն Մանասյան,
Բացառապես ձեր անձով պայմանավորված, ձեր առաջին խոսքին, որը ՄԻՊ գործառույթի հետ աղերս չուներ, պատասխան չգրեցի՝ մտածելով, որ Պալատի դիրքորոշումը կկարդաք, եզրահանգումներ կանեք ու այլևս չեք շարունակի: Սխալվելու և ուղղվելու իրավունք ունեն բոլորը: Ցավոք, ավելորդ լավատեսությունն էր:
Այո՛, անքննարկելիորեն փաստաբանները պետք է պահպանեն վարքագծի կանոնները և խոսքի կուլտուրան, բայց ձեր հորդորը իրավաչափ և ազնիվ կընկալվեր մեր գործընկերների կողմից, եթե նույն համարձակությամբ, ուղիղ խոսքով հորդորեիք ՀՀ վարչապետին հանրային հարթակում քաղաքացիներին չդոմփել և հարձակումներ չկազմակերպել, ԱԺ նախագահին հորդորեիք աջուձախ չթքել մարդկանց վրա, սեղանի շուրջ, ձեր երգեցողության արանքում (ի դեպ՝ լավ ձայն ունեք) առաջին տիկնոջն ուղիղ հորդորեիք մարդկանց «ոջիլ, տխմար» ու նմանատիպ աղտեղություններով չկոչել և այլն:
Եվ եթե ուղի՛ղ, ոչ վերացական անդրադառնայիք հանրային իշխանություն իրականացնող անձանց հանցավոր վարքին և խոսույթին, իրապես հետամուտ լինեիք նման զազրելի միջավայրը կանխելուն, ապա ձեր հորդորն իսկապես ազնիվ ու ծանրակշիռ կընկալվեր:
Հետևաբար, հետևեք ձեր՝ սահմանադրաիրավական գործառույթին. նախ՝ պաշտպանեք քաղաքացիներին և քաղաքացիական հասարակության ինստիտուտը հանրային իշխանության հանցավոր ոտնձգություններից, հետո պահանջեք հակառակը:
Պալատի տեղն ու հասցեն էլ գիտեք. հստակ դեպքերով հստակ դիմում գրեք:
Մեզ մոտ կարգապահական գործերի քննությունն ամենաբարձր մակարդակի վրա է, իրենց հանրային խոսքի և դատավարական փաստաթղթերի համար տույժի ենթարկված շատ փաստաբաններ կան: Իսկ մինչ այդ, Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի պատվերներով , զուտ սուր քննադատությունների համար, փաստաբան չենք կարող պատժել :
Դադարեցրե՛ք, փաստաբաններին հանիրավի և անհասցե թիրախավորելու գործընթացը, թույլ տվե՛ք մեր գործընկերներին ձեզ ընկալել որպես իրավական հենարան (թեկուզ՝ առերևույթ) և պաշտպանե՛ք քաղաքացուն իշխանությունների զազրելի վարքագծից»: