96 տարեկանում, առանց ակնոցի, ասեղնագործում է դիլիջանցի վաստակաշատ մանկավարժ Ծովիկ Հարությունյանը։ Ասեղնագործում է ու բաժանում իր բարության ու ջերմության հետ։ Կես դարից ավելի աշխատել է Տավուշի և Լոռու դպրոցներում, իսկ հիմա ամեն օր քաղում է իր աշխատանքի նվիրման պտուղները․ թոռներն ու աշակերտները նրան առողջություն են մաղթում աշխարհի բոլոր կողմերից։
«Արգենտինայից էլ են շնորհավորում, Գերմանիայից էլ, Գյումրիից ու Մոսկվայից։ Իմ աշակերտները հայտնի մարդիկ են, բոլորին հիշում եմ»,-ասում է նա։
Այսօր, որ երիտասարդ տարիների ավյունով աշխատել չի կարող, ասեղնագործության մեջ է սփոփանք գտնում։ Տիկին Ծովիկը հիշում է իր դժվարին կյանքն ու հասկանում, որ աշխատանքն է դարձել սփոփանք, և սեփական երեխաներին, թոռներին ու աշակերտներին գիտելիքների աշխարհում ուղեկցելու պատասխանատվությունը։
«Մարդուն հողն է ուժ տալիս, սերունդների ուշադրությունը, բարությունը, լավ հարևանները, լավ ղեկավարությունը»,-համոզված է նա։
Հիմա գերագույն նպատակը սիրելի թոռան՝ Վանի հարսանիքին մասնակցելն է։ Մտադիր է իր ոտքով գնալ, իսկ աշխարհին ու մարդկությանը մաղթում է խաղաղություն և առողջություն։