Ժաննա Անդրեասյանն Ապարանում հանդիպել է հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել է հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ։


Եռօրյա միջոցառման ընթացքում հայ և վրացի երիտասարդների համար կազմակերպվել են քննարկումներ ու աշխատարաններ՝ նպատակ ունենալով զարգացնելու նրանց առաջնորդության հմտությունները, խթանելու ակտիվ քաղաքացիության ձևավորումը և բարձրացնելու երիտասարդների մասնակցությունը համայնքային և հասարակական կյանքում։


Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հայ և վրացի պատանիների ու երիտասարդների միջև հաղորդակցման, գիտելիքների ու փորձի փոխանակման, ինչպես նաև միջմշակութային կապերի ձևավորման կարևորությունը։ Նա ընդգծել է, որ նմանօրինակ միջոցառումները նպաստում են երկու ժողովուրդների մշակույթների և ավանդույթների յուրահատկությունների փոխճանաչմանը, լեզվական և աշխարհագրական առանձնահատկությունների ընկալմանը՝ ամրապնդելով բարիդրացիական հարաբերությունները և համագործակցությունը։


Ներկայացնելով ՀՀ-ում իրականացվող երիտասարդական պետական քաղաքականությունը՝ նախարարը մասնավորապես անդրադարձել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի հիմնական դրույթներին, պետության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օրենքը մշակվել է մասնակցային ձևաչափով՝ անցնելով հանրային քննարկումների ու մասնագիտական խորհրդատվությունների մի քանի փուլեր։


Նրա խոսքով՝ երիտասարդական քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը երիտասարդների պատշաճ իրազեկվածությունն է ստեղծվող հնարավորությունների վերաբերյալ։ Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է համայնքային կյանքում երիտասարդների ակտիվ ներգրավվածության և նրանց նախաձեռնությունների խթանման կարևորությունը։


Այնուհետև նախարարը պատասխանել է հավաքի մասնակիցների տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են ինչպես ծրագրային, այնպես էլ անձնային զարգացման ու մասնակցության հնարավորություններին։


Քննարկման ընթացքում մասնակիցներն արտահայտել են իրենց դիտարկումները և ներկայացրել առաջարկություններ երկկողմ ձևաչափով նսխաձեռնությունների վերաբերյալ:


Հայ-վրացական երիտասարդական հավաքն անցկացվում է հուլիսի 9-11-ը՝ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ` «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպմամբ։

Դիտումների քանակ3

Leave a Comment