Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները․ Երևանն ու Բաքուն նույնաբովանդակ հաղորդագրություններ են տարածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

10.07.2025 | 16:31

Աբու Դաբիում այսօր  առավոտյան մեկնարկած Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը տևեց մի քանի ժամ։  Ավարտից հետո  Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները գրեթե միաժամանակ հրապարակեցին հանդիպման արդյունքների վերաբերյալ նույնաբովանդակ հաղորդագրություն, որտեղ հայտնում են՝  երկկողմ հանդիպմանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։

Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման ամենաարդյունավետ ձևաչափն են, և դրանով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այդպիսի երկխոսությունը:

Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը երախտագիտություն են հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին ջերմ հյուրընկալության և երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար։

Ըստ կառավարության կայքում հրապարակված պատվիրակության կազմի մասին տեղեկատվության՝ հայ պաշտոնյաների հետ Աբու Դաբի լրագրողներ չեն մեկնել, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Փաշինյան-Ալիև մոտ հինգ ժամ տևած հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում լուրջ և բովանդակալից քննարկումներ են ծավալվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի այնպիսի կարևոր ուղղությունների շուրջ, ինչպիսիք են սահմանների սահմանազատումը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն ու զարգացումը, խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և այլ թեմաներ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a Comment