Պետական գույքի կոմիտեն դատարանից պահանջել է առգրավել կրկեսի շենքը և ՀՀ սեփականություն ճանաչել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեն դատարանից պահանջել է «Երևանյան կրկես» ՍՊԸ-ին պատկանող կրկեսի շենքն առգրավել ընկերությունից և ՀՀ սեփականություն ճանաչել, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգի՝ Datalex.am կայքից։

Նշենք, որ «Տաշիր» ընկերությունների խումբը, որի նախագահ Սամվել Կարապետյանը կալանավորված է, 2011-ին հայտարարել էր կրկեսի վերանորոգման ծրագիրը ֆինանսավորելու և շուրջ 10 մլն դոլար ներդրումային ծրագրի մասին։

Պետական գույքի կառավարման կոմիտեն, մասնավորապես, հօգուտ ՀՀ-ի դատարանից պահանջել է «Երևանյան կրկես» ՍՊԸ-ից առգրավել ոչ միայն Կենտրոնի Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող կրկեսի շենքը, այլև հարակից մակերեսով օժանդակ շինությունն ու հողամասը։

Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում: Հուլիսի 4-ին դատարանն անփոփոխ էր թողել Կարապետյանին կալանավորելու որոշումը։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել էր «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետականացնելու նպատակով իշխանության ընդունած օրենքները։

Կարդացեք նաև՝

Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյան

Leave a Comment