Բարգավաճ Հայաստանը խախտել է «Կուսակցությունների մասին» օրենքը․ վարույթ չի հարուցվել

Հասարակություն

10.07.2025 | 16:13

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խախտել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը։ ԲՀԿ-ի 2024 թվականի հաշվետվության աուդիտն արձանագրել է, որ կուսակցությունն իրավաբանական անձանցից անհատույց օգտագործման իրավունքով ստացել է տարածքներ՝ բնեղենով նվիրատվություններ։ Մասնավորապես՝ «Ամասիայի գյուղատնտեսական ուսումնական բազա» ԲԲԸ-ն անհատույց տարածք է տրամադրել Շիրակի մարզի Ամասիա գյուղում ԲՀԿ-ի ստորաբաժանմանը, որը 23․12․2024 թվականին դադարեցրել է գործունեությունը։

Ըստ աուդիտի՝ ԲՀԿ-ն նաև իր տարածքային ստորաբաժանման համար տարածք է վարձակալել Կապանի համայնքապետարանում։

Նշենք, որ «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից նվիրատվություններ չեն թույլատրվում։ Օրենքով արգելվում է նաև պետական և ՏԻՄ մարմիններում կուսակցության ստորաբաժանումների տեղակայումը։

Factor.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս խախտումների մասով վարույթ հարուցվել է։

«Կուսակցությունների հաշվետվությունների ուսումնասիրությունն ամփոփվում է, այս պահին հարուցված վարույթներ առկա չեն»,- պատասխանեցին ԿԿՀ-ից։

ԲՀԿ-ի հաշվետվության համաձայն՝ կուսակցության բյուջեն անցած տարի ընդհանուր 42․2 մլն դրամ է եղել, որի մեծ մասը՝ 41․8 մլն դրամ պետական բյուջեից հատկացված ֆինանսավորումն է, ևս 300 հազար դրամ նվիրատվություն է ստացել Լիանա Մանուկյանից, 100 հազար դրամ այլ մուտքեր են եղել։ Ուշագրավ է, որ ԲՀԿ անդամները որևէ անդամավճար չեն մուծել։

ԲՀԿ-ն 2024-ին աշխատավարձերի, հարկերի, տարածքների վարձակալության նպատակով  ծախսել է 36․7 մլն դրամ։

 

Գայանե Խաչատրյան

Leave a Comment