Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության մասին սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը որևէ երրորդ ընկերության, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
«Եթե դա (հսկողությունը- AT) համապատասխանի այս սկզբունքներին, այո՛, կարող է դա իրականացվել: Դա քննարկման հարց է, փոխադարձություն պետք է ապահովվի»,- նշել է Սաֆարյանը:
Սաֆարյանը հաստատել է, որ երրորդ ընկերություն կողմերի համաձայնության դեպքում, որ դա լինի փոխադարձության սկզբունքով, վերահսկել այդ ճանապարհը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ հուլիսի 10-ին, Աբու Դաբիում բանակցություններ են վարել։ Բանակցությունները տևել են ավելի քան 5 ժամ։
Հանդիպումնից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ կողմերը համաձայնել են շարունակել երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցառումները երկու երկրների միջև: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ հանդիպմանը քննարկվել է նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման հարցը:
ՀՀ կառավարությունը պաշտոնապես դեմ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման այսպես կոչված «միջանցքային տրամաբանությանը» և պնդում է, որ Սյունիքի մարզով Ադրբեջանին Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով կապող երթուղի ապահովելու դեպքում պետք է լիովին հարգվեն Հայաստանի ինքնիշխանության և իրավասության սկզբունքները նրա տարածքի և ենթակառուցվածքների նկատմամբ։
