Աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինը՝ «Կապան ֆեստ 2025»-ին, Մարթա Արգերիխի մասնակցությունը հետաձգվել է

Հուլիսի 4-ից Սյունիքի մարզի Կապան քաղաքում ընթանում է Կապանի  միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը՝ ամեն երեկո բազմաժանր համերգներով, միջազգային ճանաչում ունեցող 30-ից ավելի հրավիրյալ երաժիշտների մասնակցությամբ, ինչպես նաև ավելի քան 50 երիտասարդ երաժիշտների համար վարպետության դասերով։
Փառատոնի կազմակերպիչները, երաժիշտներն ու հանդիսատեսը սպասում են նաև աշխարհահռչակ դաշնակահարուհի Մարթա Արգերիխի կատարումներին, որոնք նախատեսված էին հուլիսի 12-ին, 14-ին և 15-ին։ Սակայն վերջին օրերին հայտնի դարձավ, որ արտիստը հոսպիտալացվել է՝ երկարատև հյուրախաղերից հետո գերհոգնածության պատճառով, և բժիշկներն նրա համար առաջիկայում անցանկալի են գնահատվել հեռավոր ուղևորությունները։ «Մարթա Արգերիխ և ընկերներ» համերգային ծրագիրն ուժի մեջ է և համերգը կկայանա, քանի որ նրա ընկերներից Իդո Բար Շայը և Հոնգհայեկ Լիմը հանդես են գալու Կապան ֆեստին։
Մարթա Արգերիխն իր ընկերոջը՝ փառատոնի հիմնադիր, թավջութահար Սևակ Ավանեսյանին, որի հրավերն ընդունելով պատրաստվում էր այցելել Կապան, փոխանցել է, որ ցավում է ստեղծված իրավիճակի համար, հայցում է հանդիսատեսի ներողամտությունն ու խոստանում առաջիկայում այցելել Հայաստան՝ առաջին իսկ հնարավորության դեպքում հանդես գալ նախատեսված ելույթներով։
«Մարթա Արգերիխի այս ուղերձը նշանակում է՝ մենք պահպանում ենք ծրագիրը, և առաջիկայում անպայման կընդունենք լեգենդար դաշնակահարուհուն, և  նրա մասնակցությամբ համերգները  ընդամենը հետաձգված են,- ընդգծում է Փառատոնի գեղարվեստական ղեկավար, թավջութակահար Սևակ Ավանեսյանը՝ շեշտելով, –  Կապան ֆեստ 2025-ի հետաձգվող երեք համերգների նոր ամսաթվերը կհայտարարվեն։  Իսկ հիմա «Կապան ֆեստ 2025»-ը հայտարարում է  աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինի մասնակցության մասին»։
Վադիմ Ռեպինը աշխարհի ամենապահանջված երաժիշտներից մեկն է։ Նա աշխատել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Աշքենազին, Դյուտուան, Գերգիևը, Նագանոն, Լևինը և բեմ է կիսել Մարթա Արգերիխի, Միշա Մայսկիի, Չեչիլիա Բարտոլիի, Գոտիե Կապյուսոնի, Ռիկարդո Մուտիի  և այլ երաժիշտների հետ։ Վադիմ Ռեպինը, որը նվագում է Ստրդիվարիուսի 1722 թվականին կերտած «Rode» ջութակով, արժանացել է Ֆիանսիայի բարձրագույն պարգևին՝  արվեստի և գրականության ասպետի շքանշանին։ Նա 2014 թվականից իր հիմնադրած Տրասնսսիբիրյան արտ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։
Կապան ֆեստ 2025-ի շրջանակներում հուլիսի 14-ին ծրագրված է Վադիմ Ռեպինի համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, իսկ հուլիսի 15-ին՝ կամերային կազմով:

Leave a Comment