Տավուշում և Լոռիում 19 ընտանիք կստանա փոխհատուցում

Տավուշում և Լոռիում 19 ընտանիք կստանա փոխհատուցում

Կառավարությունն  որոշեց 6,6 մլն դրամ տրամադրել ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024–ի մայիսի 25-26-ին հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսական վնաս կրած 19 ընտանիքի։

Հիմնավորման մեջ նշվում է, որ կան բնակիչներ, որոնք հեղեղումների հետեւանքով գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման օժանդակությունից։

Նշենք, որ Այս ծրագրով աջակցություն է ստացել շուրջ 580 շահառու, փոխհատուցման գումարը կազմել է 158,8 մլն դրամ, որից՝ Լոռու մարզից 273 շահառու (109,8 մլն դրամ), իսկ Տավուշի մարզից՝ 307 շահառու (49,0 մլն դրամ):

Լոռու մարզից գրությամբ ներկայացվել է 14 տուժած բնակիչների վերաբերյալ տեղեկատվություն, համաձայն որի մեկ տնտեսավարողի բնակավայրը (Ձորագյուղ) ընդգրկված չի եղել աղետի գոտու բնակավայրերի ցանկում, իսկ մնացած 13 տնտեսավարողները չեն ստացել աջակցություն հիմնականում տեղեկացված չլինելու և այլ տեխնիկական պատճառներով։ Ըստ ներկայացված տեղեկատվության, նշված թվով 13 տնտեսավարողների վնասի չափը կազմել է շուրջ 5 մլն դրամ:

Տավուշի մարզից ստացված տեղեկատվության համաձայն՝ Նոյեմբերյան համայնքի թվով 6 բնակիչներ տարբեր պատճառներով չեն օգտվել օժանդակությունից։ Նշված թվով 6 բնակիչների կրած վնասի չափը ներկայացված տեղեկատվությամբ գնահատվել է շուրջ 1,6 մլն դրամ։

Leave a Comment