ՄԱԳԱՏԷ-ն Թեհրանի կողմից միջուկային զենք ստանալու համար պատրաստության նշաններ չի արձանագրել: Այդ մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Լեհական Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում:
«Այն փաստը, որ Իրանը կարող է միջուկային զենք ձեռք բերել, և այն փաստը, որ նա ունի, սրանք երկու տարբեր հարց են»,-ասել է Գրոսին և հավելել, որ իրենց տրամադրած տվյալներն իսկապես զգայուն էին, քանի որ դրանք ցույց էին տալիս միջուկային ռումբ ստեղծելու որոշակի ներուժ: Սակայն դա հիմք չի տալիս պնդելու, որ այդ ներուժը կիրագործվի։
Գրոսին ընդգծել է, որ եթե նույնիսկ Թեհրանը նման մտադրություն ունենար, ապա դա «ամիսներ և նույնիսկ ավելին կպահանջեր»։
«Իրանցիները նախ ստիպված պետք է լինեին հարստացված ուրանը մետաղի վերածել, որին դեռ նրանք ձեռնամուխ չեն եղել, երկրորդ՝ պետք է ստեղծել մի շարք շատ բարդ համակարգեր, որոնք պետք է բավականաչափ փոքր լինեն, որպեսզի տեղավորվեն միջուկային մարտագլխիկի մեջ»,- պարզաբանել է նա։
Գրոսին նաև հրաժարվել է գնահատական տալ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու որոշմանը՝ նշելով, որ ՄԱԳԱՏԷ- ի խնդիրն է փաստեր հաստատելն ու դրանց մասին հաղորդելը։ «Իսկ թե ինչպես են դրանք մեկնաբանում պետությունների ղեկավարները, դա նրանց գործն է։ Ես չեմ ուզում դատել այդ մասին»,- ասել է գործակալության ղեկավարը։ Բացի այդ, նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրի խնդիրները ռազմական ճանապարհով չեն լուծվի: