Արտատարածքային կարգավիճակով որևէ կապի տրամաբանություն հակասում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ՀՀ տեսլականին․ ԱԳՆ պատասխանը՝ Factor TV-ի հարցմանը

«Արտատարածքային կարգավիճակով որևէ կապի տրամաբանություն հակասում է տարածաշրջանային ենթակառուցվածքների  ապաշրջափակման և ավելի լավ փոխկապակցվածության ՀՀ  տեսլականին։ Ըստ այդմ, որևէ այդպիսի համաձայնություն չի կարող լինել»,- այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է թուրքական լրտվամիջոցներում շրջանառվող տեղեկությանը, թե, իբր, Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համաձայնության են եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ։

Արտաքին գերատեսչությունից նաև նշել են, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը Հայաստանի համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն։  Նախարարությունից հիշեցրել են, որ Հայաստանն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որը դրական գնահատականների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից։

«Ավելին՝ Հայաստանն առաջարկել է այդ նախաձեռնության համահունց մի շարք լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար։  Միևնույն ժամանակ, միջազգային տարբեր գործընկերներ ևս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառույցվածքների ապաշրջափակման վերաբերյալ»,- նշված է գերատեսչության պատասխանում։

Արտգործնախարարությունից հավելել են, որ քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ շահավետ և տարածաշրջանային խաչմերուկային ներուժն իրացնող արդյուքներին հասնելու համար։

Հիշեցնենք, որ Թուրքական Turkiye today-ը՝ վկայակոչելով համացանցում ադրբեջանական ռեսուրսների կողմից շրջանառվող չհաստատված պնդումներին, գրում է, որ Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համաձայնության են եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ։

Օրերս էլ Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է՝ «թեև Հայաստանը սկզբում հանդես էր գալիս «Զանգեզուրի միջանցքի» դեմ, այժմ տնտեսական ինտեգրացիայի գործընթացին մասնակցելու հարցում ցուցաբերում է ավելի ճկուն մոտեցում»։

Էրդողանն ընդգծել է, որ տարածաշրջանի զարգացումը կարևոր է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև Թուրքիայի, Իրանի և այլ երկրների համար։ Նրա խոսքով՝  «Զանգեզուրի միջանցքի» կարևոր է ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև աշխարհատնտեսական տեսանկյունից։

 

Մանյա Պողոսյան 

Leave a Comment