Արամ Ա-ն կոչ է արել վերջ դնել Հայաստանում ստեղծված վատառողջ մթնոլորտին

Արմինֆո.  Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կոչ է արել վերջ դնել Հայաստանի կյանքում ստեղծված վատառողջ մթնոլորտին: Նրա հայտարարությունը հրապարակվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջում։

 

«Ամօ՛թ է, հազա՜ր ամօթ, մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կեանքին մէջ ստեղծուած ներկայ վատառողջ ու ապազգային մթնոլորտը։ Դժբախտաբար, հայերէն լեզուի բառերը բաւարար չեն նկարագրելու իմ ցաւս ու ընդվզումս։ Յատկապէս վերջերս պարզուած մթնոլորտը մեր ազգի երկու ազգակերտ ու հայրենակերտ կառոյցներէն՝ Սուրբ Էջմիածինէն ու Ազգային Ժողովէն ներս, ինծի համար խորապէս ամօթալի է ու դատապարտելի։

 

Արդարեւ, որեւէ ազգի, եկեղեցւոյ կամ կազմակերպութեան կեանքին մէջ սխալներ, բացթողումներ, բեւեռացումներ, առճակատումներ կրնան ըլլալ. սակայն անոնք հարկ է որ քննարկուին յատուկ գործընթացքներու ճամբով եւ հանդարտ մթնոլորտի մէջ, որպէսզի կարելի ըլլայ համապատասխան լուծումներու յանգիլ։

 

Շուրջ վեց տարիներէ ի վեր, դժբախտաբար, Հայրենիք չեմ այցելած։ Վերջին օրերուն մտածեցի, շա՜տ մտածեցի, Հայաստան գալու մասին, որպէսզի կարենամ օժանդակել ստեղծուած փոթորիկը նուազագոյնը հանդարտեցնելու ուղղութեամբ։ Սակայն, Ազգային Ժողովէն ու ընկերային ցանցերու ճամբով եւ այլապէս կատարուած ու շարունակուող անմակարդակ, մեր բարոյական, հոգեւոր ու ազգային արժէքներուն խոտոր համեմատող արտայայտութիւնները, ինչպէս նաեւ կատարուող ձերբակալութիւնները չեն քաջալերեր զիս քայլերս ուղղելու դէպի Հայրենիք։

 

Սակայն, կը մնամ միշտ յանձնառու, որեւէ ժամանակ գալու Հայրենիք եւ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին ու այլ պատասխանատուներու հետ խորհրդակցելու, որպէսզի կարելի ըլլայ ստեղծուած ծանր իրավիճակէն Հայաստանը դուրս բերելու յարմարագոյն լուծումներ որոնել», – հայտարարել է Արամ Ա կաթողիկոսը։

 

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ուժայինները Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու նպատակով մուտք էին գործել Մայր Աթոռում  գտնվող կաթողիկոսի նստավայրի տարածք: Իրավապահների այդ գործողությունները հասարակական լայն արձագանք են գտել։ Հայաստանի վարչապետը նախօրեին  իր հակաեկեղեցական արշավի շրջանակում, որը մեկնարկել է այս տարվա մայիսի վերջին, հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոսին գահից հեռացնելու գործընթացը ղեկավարելու պատրաստակամության մասին: Հուլիսի 7-ին հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել, որ առաջիկայում ուժայինները ևս մեկ հարձակում են ձեռնարկելու Հայ Առաքելական Եկեղեցու վրա:

Leave a Comment