Միջնորդությունից ոչ մի տվյալ առկա չէ, որ Արթուր Սարգսյանը հավաքագրելու էր ցուցարարներ. Արամ Վարդևանյան

Միջնորդությունից ոչ մի տվյալ առկա չէ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը «հարվածային խմբերում» հավաքագրելու էր ցուցարարներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Շատերը հիշում են ՊՊԾ գնդի գրավման դեպքը, որն իրավական առումով ահաբեկչություն չորակվեց: Ուշադրություն դարձրեք՝ նախապես մշակված կոնկրետ ծրագիր, կոնկրետ ընտրված ոստիկանական գունդ, որտեղ ոստիկանության զորքերի ամենից շատ զենք ու զինամթերքն է կենտրոնացված: Մի քանի անձ էլ զոհվել է, ավելին, հաջորդել են կոնկրետ պահանջներ, բայց այս դեպքն ահաբեկչություն չորակվեց: Ճիշտ ու սխալի հարց չէ, պարզապես ահաբեկչությունը որպես հանցանք վերաբերում է բացառիկ դեպքերին»,- ասել է Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ հրապարակված ձայնագրությունները չեն կարող վստահելի լինել:

«Հրապարակված ձայնագրությունների սղագրությունների մեջ այսպիսի եզրույթ կա՝ «Ձայնը չի լսվում», «Ձայնը չի հասկացվում»։ Հիմա պատկերացրեք, որ դրանցից յուրաքանչյուրը կարող է ամբողջությամբ փոփոխել խոսակցության իմաստը»,- նշել է փաստաբանը՝ հնարավոր համարելով, որ բացակայող խոսքերը կարող են այդ խոսակցութունները վերածել կենցաղային բնույթի խոսակցությունների։

Leave a Comment