
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որը երեկ զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում՝ իր նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։
«Հարցաքննվում էի, մեղադրանք է առաջադրվել, մեղադրանքի դրվագների հետ համաձայն չեմ, նաև օգտվելով իմ իրավունքից ցուցմունք չեմ տվել։ Առողջական խնդիրներ ունեմ, ինձ զանգահարել, բուժհիմնարկից են հրավիրել ՔԿ, հաշվի առնելով, որ 18 ժամվա ընթացքում մեղադրանք է առաջադրվելու՝ ներկայացել եմ»,- ՔԿ-ից դուրս գալուց հետո լրագրողների հոտ զրույցում նշեց Օհանյանը։
Ի պատասխան հարցին, թե մեղադրանքի որ դրվագների հետ հմաձայն չէ, Օհանյանը նշեց․ «Ես ստորագրել եմ մի փաստաթուղթ, ըստ որի՝ նախաքննական գաղտնիք չպետք է հրապարակել»։
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ նա տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես, Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։