«Քայլելիս դերս էի կրկնում, երբ երկու «գթության քույր» օգնություն առաջարկեցին». բացահայտում ենք Լիդիա Գրիգորյանին


Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիդիա Գրիգորյանը BRAVO.am-ի բացահայտումների շարքի նոր զրուցակին է:

– Հետաքրքիր փաստեր Ձեր մասին, որոնք քչերը գիտեն:  

– «Չեմ կարողանում» արտահայտությունը շատ քիչ եմ օգտագործում: Ներսս ավելի շատ բան կա, քան կարողանում եմ բառերով նկարագրել: Չափից ավելի ինքնաքննադատ եմ:

– Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

– Դոստոեւսկու «Ապուշը» վեպը, որը 16 տարեկանում ձեւավորեց իմ աշխարհընկալումը: Շեքսպիրի ողբերգությունները, որոնք ինձ համար թաքնված գանձերի, գաղտնի կոդերի վերծանում են հանդիսանում: Երբ 17 տարեկանում բացեցի «Մակբեթ»-ը, «Կնոջից ծնված ոչ ոք չի կարող Մակբեթին վերք տալ» նախադասությունը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Անհամբեր սպասում էի այս մտքի բացահայտմանը՝ «Ես իմ մոր արգանդից վաղաժամ հատված եւ դուրս եմ բերված»: Սկսվեց իմ մեծ սերը Շեքսպիրի հանճարի հանդեպ: Պուշկինի նկատմամբ թուլությունս մանկուց էր, իսկ «Եվգենի Օնեգին» վեպը կնոջ համարձակության, անձնազոհության ու բարոյական արժեքների գիտակցությունս ձեւավորեց:




– Զվարճալի կամ տարօրինակ բան Ձեր մասին, որ վերջերս եք իմացել։

– Ժամանակին փողոցում քայլելիս ներկայացումների տեքստերը մտքում էի կրկնում, իսկ հիմա բարձրաձայն, երբեմն էլ ժեստերով խաղում եմ: Ինձ թվում էր, թե ոչ ոք դա չի նկատում, մինչ այն օրը, երբ փողոցում ինձ մոտեցան 2 գեղեցկադեմ աղջիկ: Նրանք ներկայացան որպես «գթության քույրեր» եւ ինձ օգնություն առաջարկեցին (ծիծաղում է,- հեղ.):

– Ինչի՞ կամ ո՞ւմ մասին կարող եք ժամերով ու առանց հոգնելու խոսել:

– Ճիշտն ասած՝ ես ավելի շատ սիրում եմ լսել հետաքրքիր, ինտելեկտուալ ու անկանխատեսելի տեսանկյուն հայտնող մարդկանց: Հիմնականում կլսեմ արվեստի, մարդու եւ կյանքի մասին:

– 3 պատճառ, թե ինչու է թատրոնը հարազատ Ձեզ:

– Հետաքրքրասեր մարդ եմ, ձգտում եմ իմանալ ավելին, բացահայտել թաքնված հետաքրքիր իմաստներ, տողատակեր: Թատրոնը հնարավորություն է տալիս ուսումնասիրել տարբեր ոլորտներ, վերծանել մոռացված փաստեր, հանդիպել մարդու գիտակցության եւ անգիտակցականի հետ: Այն նաեւ հնարավորություն է տալիս ապրել բազում կյանքեր: Ամեն ներկայացման ընթացքում դերասանը բեմում նորովի ծնվում, ապրում, մահանում է: Թատրոնը թույլ չի տալիս մեծանալ:


«Գանգսթեր Մաքը» ներկայացումը




– Ինչո՞ւմ է դերասանի առաքելությունը, իսկ Ձե՞րը:

– Արտիստի առաքելությունն է ցույց տալ ժամանակի սթափ բնութագիրը, մոլորության պատկերը, ճշմարտության ճանապարհը: Մեջբերեմ նաեւ «Անվերջ վերադարձ» ներկայացումից Պարույր Սեւակի՝ ինձ համար հոգեհարազատ տողերը. «Արվեստագետի սրբազան պարտքն է ժողովրդին բարձրացնել դեպի արվեստի մակարդակը, եւ ոչ թե արվեստն իջեցնել մինչեւ ժողովրդի մակարդակը: Ծառայել, ոչ թե ծառա լինել»: Ստեղծագործելու արժեքն անձնվիրությունն է: Ես կյանքի հզոր ուժը զգում եմ այն ժամանակ, երբ այն օգտագործվում է ուրիշներին ծառայելու համար: Իմ առաքելությունը թատրոնին ազնիվ ծառայելն է:

– Իրավիճակ, որ կարող է պատահել հիմնականում դերասանի հետ:

– Հումորով պատասխանեմ այս հարցին. մերկ դուրս գալ բեմ այնպես, որ հանդիսատեսը չնկատի մերկությունդ: Այս արտահայտությունը շատ են օգտագործում թատերական ասպարեզում (ծիծաղում է,- հեղ.):

– Եթե Ձեր մասին ֆիլմ նկարենք, դերասանուհիներից ո՞վ կկարողանա լավագույնս մարմնավորել: 

– Էմմա Մանուկյանի եւ Վիլեն Սարգսյանի դուստրը՝ Սառա Սարգսյանը:

– Թատրոնի չերեւացող, բայց Ձեզ համար չափազանց սիրելի կողմը: 

– Աշխատասեր մարդ եմ, իսկ թատրոնը պահանջում է մեծ աշխատասիրություն: Թատրոնն ինձ համար փեթակ է, որտեղ գաղափարի շուրջ հավաքված ժրաջան մեղուների համախմբված աշխատանքի շնորհիվ ստեղծվում է մարդկության համար արժեքավոր մթերք՝ մեղրը (ներկայացումը): Երբեք չենք տեսնում նրանց անձնվեր աշխատանքը. մեզ համար մի գդալ մեղրն ընդամենը մի գդալ մեղր է, իսկ իրենց համար՝ մի մեղվի ամբողջական կյանք:




– Ինչպե՞ս եք խաղալու շնորհիվ ինքներդ Ձեր մասին նոր բաներ իմանում եւ ի՞նչ եք արդեն հասցրել պարզել:

– Յուրաքանչյուր կերպարի հետ հարստանում է հոգու ներկապնակը, լայնանում են ֆիզիկական հնարավորությունները, կոտրվում են կարծրատիպեր, առաջանում են աշխարհին նայելու նոր տեսանկյուններ: Ու ինչքան շատ ես ուսումնասիրում քեզ, այնքան ավելի շատ ես հասկանում, որ ոչինչ չգիտես քո մասին: Ու ինչքան ժամանակն անցնում է, այնքան ավելի շատ եմ դժվարանում նկարագիր տալ իմ մասին:

– Ո՞րն է մշակույթի շնորհիվ մարդկանց միջեւ տեղի ունեցող երկխոսության ամենակարեւոր ձեռքբերումը:

– Մշակույթի միջոցով է ձեւավորվում մադու արժեհամակարգը: Մշակույթը թույլ չի տալիս, որ մարդուն ի վերուստ շնորհված բանականությունն անգործությունից անպետք բորբոսնի: Սովորեցնում է մտածել, զգալ, ապրումակցել, մաքառել, ապրել…


Լիդիա Գրիգորյանը եւ ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը




– Ձեր 3 ամենասիրելի թատրոններն ու ռեժիսորները:

– Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի եւ իմ սերն այլ հարթության վրա է: Սիրելի այլ թատրոններ էլ կնշեմ որպես հանդիսատես՝ Վախթանգովի անվան թատրոնը, Ազգերի թատրոնը եւ Մեծ Բրիտանիայի ազգային թատրոնը: Գրիգոր Խաչատրյան ռեժիսորը նույնպես իր յուրահատուկ տեղն ունի իմ սրտում: Կնշեմ այնպիսի ռեժիսորների, որոնց բեմադրական աշխատանքները եւ մտածելակերպը հոգեհարազատ են ինձ՝ Ռիմաս Տումինաս, Լեւ Դոդին եւ Յուրի Բուտուսով:

– Դերասանի աշխատանքի կարեւոր սկզբունքները, որոնք Ձեզ համար երբեք չեն հնանա:

– Նշեմ այն, ինչը դերասանը չպետք է թույլ տա բեմում: Մեջբերեմ Շեքսպիրի տողերն իրենց առաքելությունից շեղված դերասանների վերաբերյալ, որը բարձրաձայնում է Համլետը. «Կան դերասաններ, որ դատարկամիտ հանդիսատեսի մի ստվար զանգված զվարճացնելու համար իրենք են սկսում ծիծաղել, այնինչ հենց այդ ժամանակ գաղափարական մի կարեւոր կետ ուշադրությունից դուրս է մնում: Դա գռեհիկ է եւ ապացուցում է այն հիմարի ողորմելի սնափառությունը, որն իրեն բեմի վրա նման կերպ է պահում»: Սա հանդիսատեսին հաճոյանալու նկարագիր է, որը բեմում անընդունելի վարքագիծ է: Չշեղվելը մասնագիտական բուն ճանապարհից եւ ազնիվ լինելը խղճի առաջ ինձ համար շատ կարեւոր սկզբունքներ են:


Լիդիա Գրիգորյանը՝ Համլետի կերպարում




– Իսկ ժամանակակից միտումների առաջացրած փոփոխություններն ինչպե՞ս են փոխել թատրոնը:

– Թատրոնը կենդանի օրգանիզմ է: Միշտ փոփոխվելով, նոր արտահայտչամիջոցներ փնտրելով, ժամանակակից հնարավորություններն օգտագործելով՝ քայլում է առաջ: Այսօր նախընտրությունը տալիս են արտաքին պատկերի գեղեցկությանը, քան բովանդակությանը: Քչացել են հեղինակային ներկայացումները, ավելացել են վաճառվողները: Կարելի է շոու անել, բայց չի կարելի դա թատրոն անվանել: Թատրոնը մարդու մասին պետք է լինի:

– Սիրելի դերասան, որի հետ կուզեք նույն բեմում հայտնվել կամ ֆիլմում նկարահանվել:

– Շատ են, բայց նշեմ մի քանիսին՝ Դանիել Դեյ-Լյուիս, Ալ Պաչինո, Լեոնարդո ԴիԿապրիո, Կոնստանտին Ռայկին, Ջուդի Դենչ, Թիլդա Սուինթոն:

– Հարց, որ երբեք չեն տվել, բայց շատ կուզեիք այդ մասին խոսել։

– Անկեղծ ասած՝ չեմ սիրում իմ մասին խոսել: Հիմա ինձ համար շատ դժվար է հարցերին պատասխանելը:

– Մայր լինելու ամենահաճելի կողմերը:

– Ամեն առավոտ արթնանալ ու հասկանալ, որ ավելի ես սիրում, քան երեկ:

– Իսկ մի քիչ հոգնեցնողնե՞րը:

– Կամակորությունից առաջացող անելանելիության զգացողությունը:

– Ի՞նչ եք սովորել Ձեր երեխաներից:

– Չմեծանալ:


Լիդիա Գրիգորյանը՝ որդիների հետ




– Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

– Երբեք չեմ հարցրել: Օրինակ՝ դուք ի՞նչ կասեիք:

– Ի՞նչ եք ինքներդ Ձեզ ասում հուսահատության պահերին:

– Թող Քո կամքը լինի:

– 5 իր, առանց որոնց Ձեր կյանքը չեք պատկերացնում: 

– Իրերի հանդեպ մեծ կապվածություն չունեմ: Իմ կապվածությունը մարդու հետ է: Համենայն դեպս, նշեմ մեկը՝ գիրքը:

– Ձեր ոճի մի քանի կանոն:

– Ձեւերի եւ գույների ներդաշնակություն:

– Հագուստ, որ երբեք չի լինի Ձեր զգեստապահարանում:

– Վուլգար:




– Երեւանում ամենասիրելի անկյունները:

– Դեպի Մատենադարան բարձրացող հատվածը: Աբովյան փողոցը:

– Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:

– Մայրիկիս բույրը, կիսաճերմակ մազերի բույրը, որը հայրիկիս է հիշեցնում:

– Մեր մեծերից ո՞ւմ հետ դեմ չէիք լինի զրուցել եւ ի՞նչ հարց կտայիք:

– Պարույր Սեւակի: Ինքը խոսեր, ես՝ լսեի:

– Վերջին մեկ տարվա լավագույն պահի կադրը:

– Քրոջս տասը տարի չէի տեսել…


Լիդիա Գրիգորյանը՝ քրոջ հետ




– Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած երեք մարդիկ:

– Նեյրոկենսաբանության եւ հոգելեզվաբանության, գիտակցության տեսության գիտնական, պրոֆեսոր Տատյանա Չեռնիգովսկայան, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լիլիթ Մելիքսեթյանը, բանասեր, գրաքննադատ, բլոգեր Արմեն Զախարյանը:

– 2 ֆիլմ՝ տխրելու եւ ուրախանալու համար:

– Ֆեդերիկո Ֆելինիի «Ճանապարհը»՝ կատարսիսի համար, Պաոլո Սորենտինոյի «Պարտենոպա»-ն՝ ոգեշնչվելու:

– Կարեւոր բացահայտում, որ արել եք կյանքի մասին: 

– «Նախախնամություն կա նույնիսկ ճնճղուկի ընկնելու մեջ: Եթե հիմա պետք է լինի, հետո չի լինելու, եթե հետո չպետք է լինի, հիմա կլինի, եթե հիմա չլինի, մի օր լինելու է: Խոսքը պատրաստ լինելն է». Շեքսպիրն է խոսում Համլետի շուրթերով, իսկ Շեքսպիրն Ավետարան է մեջբերում:

– Մասնագիտական խորհուրդ, որ Ձեզ տվել են, բայց օգտակար կլինի իմանալ ոչ միայն արվեստի մարդկանց:

– Արմեն Խանդիկյանի կողմից հաճախ օգտագործվող կարգախոսներից մեկը՝ «Մեկս բոլորի, բոլորս՝ մեկի համար»:

– Մեկ բան, որ կուզեիք փոխել աշխարհում, եւ ի՞նչը հատկապես Ձեր սրտով չէ:

– Փողը մարդու կյանքի կենտրոնական առանցքն է գրավել: Կուզեի՝ աշխարհում առհասարակ փող չլիներ:

– Հայելու մեջ նայելով՝ ինչերի՞ համար կասեք, որ Ձեզ սիրում եք:

– Ուրիշին ավելի շատ եմ սիրում:


Լիդիա Գրիգորյանը եւ Գագիկ Մկրտչյանը




– Փոքրիկ ուրախություններ, որոնք Ձեր օրն անմոռանալի են դարձնում:

– Ամուսնուս ոգեւորվածությունը:

– Ի՞նչ է ապրելու արվեստը Ձեզ համար: 

– Ներկան զգալը եւ գնահատելը:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Լիդիա Գրիգորյանի անձնական արխիվից






Leave a Comment