Հայաստանում այս պահին ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինելը, ձերբակալումից, կալանավորումից ոչ ոք չի վախենում. Նարեկ Կարապետյանը ՔԿ-ից դուրս եկավ (տեսանյութ)


Տեսանյութ


ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկությունից հետո շենքից դուրս եկավ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, ներկաները նրան ողջունեցին ծափերով։

Լրագրողներին նա ասաց. «Առավոտ եկել էին մեր տուն` խուզարկության, հետո եկան աշխատասենյակը խուզարկելու։ Աշխատասենյակից 37 հատ իմ աշխատանքային փաստաթղթերն են առգրավել։ Բոլորը տարել են»։

Հարցին՝ ՔԿ-ից հայտնել են հափշտակությունների, փողերի լվացման, հարկեր չվճարելու մասին, Ն.Կարապետյանն ասաց. «Ինչից ուզում են, կարող են խոսել, մենք հասկանում ենք՝ ծրագրավորած պրոցես են ուզում սկսել։ Դեռ չեն կարողանում նորմալ կպնել, բայց սկսել են մասսայական ճնշումների գործընթաց։ Հայաստանում էլ ձերբակալությունից, կալանավորումից ոչ մեկը չի վախենում, ինչքան ուզում են, թող կալանավորեն, ձերբակալեն։ Հայաստանում այս պահին ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել։ Միշտ գալիս են պահեր, որ դու պետք է ցույց տաս կամ քո կամքն ու գնաս ոչ թե ալիքի կողմը, այլ դեմ, որպեսզի հետագայում գլուխդ բարձր պահես։ Սա այդ պահն է ու մեզ համար մեծ պատիվ է, եթե անգամ այդպիսի իրավիճակ լինի, ճաղերից այն կողմ լինել»։

Լրագրողի դիտարկմանը՝ տանից հայտնաբերված գլխարկների մասին, Կարապետյանն ասաց. «Կարծում եմ՝ գլխարկը բավարար է այսօրվա Հայաստանում, որ տանեն ու դատեն»։ 

Հարցին՝ ձեր շուրջ ձևավորվող քաղաքական ուժի մասին է  խոսվում, նա ասաց. «Այս մասին հանդես կգանք հայտարարություններով։ Ապագայում բոլոր հետաքրքրող հարցերը կունենան պատասխաններ»։ 


Leave a Comment