Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի փոխարինումը. թեկնածուների թվում են վարչապետ Դենիս Շմիգալը և ՊՆ ղեկավար Ռուստեմ Ումերովը

Քաղաքականություն

07.07.2025 | 20:57

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի փոխարինման հարցը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի աղբյուրի խոսքով՝ հավանական թեկնածուների թվում են գործող վարչապետ Դենիս Շմիգալը, նրա տեղակալ Օլգա Ստեֆանիշինան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։ Այս թեկնածուների կազմը հաստատել է նաև ՌԲԿ Ուկրաինայի աղբյուրը։

«Զելենսկին առաջարկել է դեսպանին փոխարինել Ամերիկայի համար հասկանալի անձնավորությամբ։ Նախագահն ընտրել է այս թեկնածուներին, քանի որ նրանք արդեն շփվել են ամերիկացիների և այլ գործընկերների հետ ու արդյունքներ են տվել, և մակարդակը համապատասխանում է Ամերիկայի հետ հարաբերությունների մակարդակին»,- գրում է լրատվամիջոցը։

Bloomberg-ը նշում է որ դեսպանի փոփոխությունը քննարկվում է երկու երկրների հարաբերությունների համար դժվարին ժամանակահատվածում, երբ Վաշինգտոնը դադարեցրել է Կիևին զենքի մատակարարումները՝ մինչ Պենտագոնը գնահատում է իր սեփական պաշարները։

2021 թվականի փետրվարից ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Ուկրաինայի նախկին ֆինանսների նախարար Օքսանա Մարկարովան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment