Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել Երևանում երթևեկության հետ կապված։
«Արգիշտի փողոցից դեպի Մաշտոցի փողոցը և հաղթանակ կամուրջ խաչմերուկ ուղղությամբ բոոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին երթևեկելու գոտուց ուղիղ և աջ, իսկ երկրորդ երթևեկելու գոտուց՝ ուղիղ և ձախ ուղղություններով։ Արգիշտի փողոցից դեպի Իտալիա և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկ ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից դեպի աջ, դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց, իսկ չորրորդ երթևեկելի գոտուց՝ ուղիղ դեպի Իտալիայի փողոց։
Գրիգոր Լուսավորիչ և Արգիշտի փողոցների խաչմերուկ։ Գրիգոր Լուսավորիչ փողոցի ձախ շրջադարձը դեպի Արգիշտի փողոց արգելվել է, բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ գոտիներից միայն ուղիղ, դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց, Մաշտոց պողոտա խաչմերուկ։ Գրիգոր Լուսավորիչ Մաշտոցի պողոտա խաչմերուկ, դեպի Հաղթանակ կամուրջ ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին գոտուց աջ դեպի Մաշտոցի փողոտա, երկրորդ և երրորդ գոտիներից ուղիղ դեպի Պարոնյան փողոց, իսկ չորրորդ և հինգերորդ գոտիներից դեպի ձախ՝ Հաղթանակ կամուրջ։
Բեյրութի փողոցից դեպի Գրիգոր Լուսավորիչ և Արգիշտի փողոցների ուղղությամբ. Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին գոտուց միայն աջ՝ դեպի Գրիգոր Լուսավորիչ ուղղությամբ, իսկ երրորդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց ուղղությամբ։ Երկրորդ երթևեկելի գոտին հատկացված է հասարակական տրանսպորտին»։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելել է, որ «Բեյրութի փողոց մտնելիս պետք է նշաններ լինեն, որ վարորդը նախապես իմանա, որ առաջին գոտին միայն աջ է գնում, որպեսզի վերջին պահին ստիպված չլինի հոծ գիծ հատել ու վերադասավորվել»։
Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը շարունակելով երթևեկության հետ կապված փոփոխությունների շարքը նշել է․
«Իտալիայի փողոցից դեպի Խորենացի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ, բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին գոտուց աջ և ուղիղ, երկրորդ գոտուց՝ ուղիղ, իսկ երրորդ գոտուց, որը հատկացված է հասարակական տրանսպորտին միայն ձախ ուղղությամբ։ Արգելվել է կանգառը Իտալիայի փողոցի աջակողմյան հատվածում։ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառը արգելված է։
Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց, և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկներում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակ կամրջ ուղղությամբ հասարակական տրանսպորտի համար փորձնական տարբերակով տեղադրված է լուսացույց BUS գրառմամբ, որը սպասարկում է բացառապես տրանսպորտին։ Իրականացվել են նաև լուսացույցների աշխատանքների ռեժիմների փոփոխություններ։
Նշված փոփոխություններով պայմանավորված առաջիկայում ևս պլանավորվում է իրականացնել լուսացուցային ռեժիմների փոփոխություններ, նշված խաչմերուկներում, որը կնպաստի տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությանը և տրանսպորտային հոսքերի անընդհատության ապահովմանը հիմնական ուղղություններով։ Նշված աշխատանքների ավարտից հետո առաջիկա շաբաթների ընթացքում վարչության կողմից կսկսվեն իրականացվել Սարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխությունները, որոնցով նախատեսվում է Սարյան փողոցում կազմակերպել միակողմ երթևեկություն Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ»,– ընդգծել է նա։
Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է. «Փոքր կենտրոնում մենք ունենալու ենք որոշակի փոփոխություններ, որոնք որոշ դեպքերում խնդիրներ կստեղծեն ավտոմեքենաների համար, բայց հիմնականում մենք պետք է հասկանանք մի կարևոր բան, որ Երևան քաղաքում ավտոմեքենաների քանակը գնալով ավելանում է։ Եվ եթե մենք չսկսենք տալ առավելություն հանրային տրանսպորտին, մենք ուղղակի կոլապսին մոտ իրավիճակ կունենանք ինչ-որ մի ժամանակ հետո»։