Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննվում է Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր, հանրահայտ Մասիս Մելքոնյանի վերաբերյալ կարգապահական վարույթը:
Վարույթը հարուցել է Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը: ԲԴԽ-ում Հանձնաժողովը ներկայացնում են դատավորներ Արման Հովհաննիսյանն ու Հովիկ Շահնազարյանը:
Վարույթ հարուցելու պատճառն այն է, որ դատավորն իր վարույթում քննվող գործերից մեկով ցուցմունք տալուց առաջ մեղադրյալին չի պարզաբանել իրավունքները։
Նիստի սկզբում Արման Հովհաննիսյանը ներկայացրեց Մասիս Մելքոնյանի վերաբերյալ հարուցված կագապահական վարույթի հիմքերը: Նրա խոսքով՝ խախումն էական հետևանքներ է ունեցել:
Հաջորդիվ ԲԴԽ անդամները հարցեր ուղղեցին հայցվոր կողմին: Հովիկ Շահնազարյանը նշեց՝ իրենք դատավորի խախտումը դիտարկում են որպես վարքագծային կանոնների խախտում, որը նաև էական հետևանք է ունեցել:
«Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Մասիս Մելքոնյանի գործողությունների արդյունքում խախտվել է ինչպես մեղադրյալի լռելու իրավունքը, այնպես էլ վերջինս նախազգուշացված չի եղել սուտ ցուցմունք տալու հետևանքների մասին: Մեղադրյալի ցուցմունքի անթույլատրելի ճանաչումը կարող է ազդել տուժողի իրավունքների վրա»,- ասաց Արման Հովհաննիսյանը:
Պատասխանող Մասիս Մելքոնյանը ներկայացրեց իր դիրքորոշումը՝ նշելով՝ վկայի հարցաքննությունը չի ավարտվել, ի՞նչ ապացույցի մասին է խոսքը:
«Հանձնաժողովը որևէ օրենքի հղում չի արել՝ որոշելով, որ դատավորն իրավունք չուներ նման որոշում կայացնելու: Հակառակն եմ պնդում: Այս վարույթի հարուցումը դատավորի ինքնուրույնության ու անկախության դեմ ուղղված ռիսկեր է պարունակում, ուստի խնդրում եմ մերժել այս վարույթը»,- ասաց Մասիս Մելքոնյանը:
Այս պահին ԲԴԽ-ն հարցեր է ուղղում Մասիս Մելքոնյանին:
Հիշեցնենք, որ դատավոր Մասիս Մելքոնյանը Հանրապետություն կուսակցության անդամ է եղել։ Նա դատավոր է դարձել իրավունքի ուժով, այսինքն՝ նախագահը չի ստորագրել նրան դատավոր նշանակելու հրամանագիրը։ Մելքոնյանը հայտնի է մի շարք քաղաքական հնչերանգ ունեցող գործերով կալանքի իր որոշումներով։ Մասնավորապես՝ Մելքոնյանի որոշմամբ՝ տարբեր ժամանակահատվածներում կալանավորվել են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանը, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանը։ Մելքոնյանի վարույթում քննվել է նաև 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործը։
Մասիս Մելքոնյանի վերջին աղմկահարույց որոշումը Միքայել սրբազանի կալանավորումն է: