Մասկը «լրիվ խելքը թռցրել է», նրա նոր քաղաքական կուսակցությունը «ծիծաղելի է»․ Թրամփ

Կիրակի, 2025 թվականի հուլիսի 6-ին, Նյու Ջերսիում գտնվող իր գոլֆի
ակումբից Սպիտակ տուն վերադառնալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իլոն Մասկի
նախաձեռնությունը որակել է «ծիծաղելի» և կանխատեսել դրա ձախողումը։

 

«Երրորդ կուսակցությունները երբեք չեն աշխատել, այնպես որ թող զվարճանա,
բայց դա պարզապես ծիծաղելի է», – հայտարարել է նա լրագրողներին։

 

Իր Truth Social հարթակում Թրամփն ավելի հեռու է գնացել՝ Մասկին
մեղադրելով «խելքը կորցնելու» և վերջին հինգ շաբաթվա ընթացքում «ամբողջական աղետի»
վերածվելու մեջ։ Նախագահի կարծիքով՝ երրորդ կուսակցության ստեղծումն իմաստ չունի, քանի
որ այն կհանգեցնի միայն «քաոսի և անկարգությունների»։

 

Թրամփը նաև ենթադրել է, որ Մասկի գործողությունները պայմանավորված
են նրա դժգոհությամբ՝ կապված էլեկտրամոբիլների սուբսիդիաները չեղարկելու վարչակազմի
ծրագրերի հետ։

 

 

Թրամփի և Մասկի միջև կոնֆլիկտը սրվել է մի շարք իրադարձություններից
հետո։ Մասնավորապես, Թրամփը Մասկին մեղադրել է NASA-ի ղեկավարի պաշտոնում իր ընկեր
Ջարեդ Այզեքմանին առաջ մղելու փորձի մեջ։ Երբ Մասկը հեռացավ կառավարության խորհրդականի
պաշտոնից, Այզեքմանի թեկնածությունը հանվեց։

 

«Ես անտեղի համարեցի, որ Մասկի մտերիմ ընկերը, որը կապված է նրա
տիեզերական բիզնեսի հետ, ղեկավարի NASA-ն», – գրել է Թրամփը։

 

Ֆինանսների նախարար Սքոթ Բեզանտը նույնպես քննադատել է Մասկին՝
խորհուրդ տալով նրան կենտրոնանալ իր ընկերությունների կառավարման վրա, այլ ոչ թե խառնվել
քաղաքականությանը։ Նա նշել է, որ Մասկի ընկերությունների տնօրենների խորհուրդները,
հավանաբար, դժգոհ են նրա քաղաքական հավակնություններից և կպնդեն, որ նա ձեռնպահ մնա
նման նախաձեռնություններից։ Հիշեցնենք, որ Մասկը կարճ ժամանակով զբաղեցրել է Կառավարության
արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնը, որտեղ նրա խիստ խնայողական
միջոցները դժգոհությունների ալիք էին առաջացրել։

 

Հիշեցնենք, որ Իլոն Մասկը «Ամերիկայի կուսակցության» ստեղծման մասին
հայտարարել է շաբաթ ուշ երեկոյան և կիրակի վաղ առավոտյան X հարթակում։

 

«Երբ խոսքը վատնման և կոռուպցիայի միջոցով երկիրը կործանելու մասին
է, մենք ապրում ենք միակուսակցական համակարգում, ոչ թե ժողովրդավարության մեջ», – գրել
է նա։ Մասկը հայտարարել է, որ նոր կուսակցությունը կոչված է «ժողովրդին ազատություն
վերադարձնելու»։

 

Լինելով DOGE-ի ղեկավար 2025 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում՝
Մասկը կտրուկ քննադատել է Թրամփի կողմից վերջերս ընդունված հարկերի և ծախսերի մասին
օրենքը՝ այն անվանելով «խելագար»։ Անկախ բյուջետային վարչության գնահատականներով՝ այդ
օրենքը մինչև 2034 թվականը ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կավելացնի 3,3 տրիլիոն դոլարով՝ զգալիորեն
նվազեցնելով հարկերը ամենահարուստների համար և կրճատելով սոցիալական պաշտպանության
ծրագրերը, ինչի պատճառով մինչև 10,6 միլիոն մարդ կարող է զրկվել բժշկական ապահովագրությունից։

 

2025 թվականի հուլիսի դրությամբ՝ Մասկն իր անձնական միջոցներից
ավելի քան 275 միլիոն դոլար է ծախսել՝ 2024 թվականին Թրամփի վերընտրվելուն աջակցելու
համար։ 

Leave a Comment