Հուլիսի 4-ին Իլհամ Ալիևը Միացյալ Նահանգների անկախության տոնի առթիվ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ Ադրբեջանի էներգետիկ ծրագրերին ԱՄՆ շարունակական աջակցության համար երախտագիտություն է հայտնել: Ալիևը հուսով է, որ ԱՄՆ-Ադրբեջան համագործակցությունը կամրապնդվի և նոր ոլորտներ կընդգրկի: Ուշագրավ է, որ այս անգամ Ալիևը չի խոսել ահաբեկչության դեմ պայքարում Միացյալ Նահանգներին Ադրբեջանի ցուցաբերած աջակցության մասին, չի հիշեցրել «համատեղ փառահեղ ծառայությունն Աֆղանստանում»:
Աշխարհում իրավիճակ է փոխվել. Թալիբների կառավարության փոխվարչապետ մոլլա Աբդուլ Գանի Բարադարն այդ օրը գտնվել է օկուպացված Ստեփանակերտում, այնտեղ էր նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Աֆղանստանում թալիբների դեմ ԱՄՆ պայքարին Ադրբեջանի աջակցության մասին հիշեցումը կարող էր հասկացվել այնպես, որ այդ շրջանից Բաքվի մերձակայքում մնացած ամերիկյան ենթակառուցվածքները, գուցե, օգտագործվել են Իրանի դեմ վերջին հարձակման ընթացքում:
Բաքվի ջազ-փառատոնի տնօրեն Լեյլա Էֆենդիևան ֆեյսբուքի անձնական էջում գրառում է կատարել, որ Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանը հատելու փորձի ժամանակ սպանվել է ադրբեջանցի երգչուհի Ալբիան Պյակշիևան: Վերջինս «Ադրբեջանի ձայն» մրցույթի մասնակից է: Ի՞նչն է բավական հաջողակ երգչուհուն ստիպել, որ ԱՄՆ մուտք գործելու համար հասնի Մեքսիկա, փորձի ապօրինաբար հատել սահմանը՝ մանրամասնություններ հայտնի չեն:
Լուրը փոխանցող՝ Ադրբեջանի իշխանամերձ haqqin.az-ը տեղեկատվությունը վերնագրել այսպես. «Թրամփի սահմանապահներն սպանել են ադրբեջանցի երգչուհուն»: Ադրբեջանում մամուլը խստագույնս վերահսկվում է, տվյալ լրատվամիջոցը գործում է Ալիևի աշխատակազմի ուղղակի կոորդինացիայով և հազիվ թե խմբագիրը նման վերնագիր ընտրել է դիտումներ ապահովելու նպատակով:
Հասկացվում է, որ Ադրբեջանի պատկան մարմինները Պյակշիևայի սպանության պատճառների և հանգամանքների մասին հիմնավորապես տեղեկացված են, բայց, բնականաբար, չեն հանրայնացնում: Ոչ մի խոսք չկա այն մասին, թե Պյակշիևայի մարմինն Բաքու տեղափոխելու ուղղությամբ ինչ է անում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը:
Տիրում է կատարյալ լռություն, որ Եկատերինբուրգում երկու ադրբեջանցիների մահվան կապակցությամբ Ռուսաստանի հետ դիվանագիտական լարվածության ֆոնին պարզապես տարօրինակ է: Ալիևը չի՞ պատրաստվում Միացյալ Նահանգներին բողոքի նոտա հղել, Բաքվում ԱՄՆ դեսպանը չի՞ հրավիրվելու ԱԳՆ:
Ըստ երևույթին՝ ոչ, որովհետև նախ Պյակշիևան ակնհայտ ապօրինի գործողություն է կատարել, երկրորդ՝ երևի փորձել է դիմադրություն ցույց տալ կամ սպառնացել է ամերիկացի սահմանապահներին, երրորդ՝ Ալիևը չի համարձակվի նույնիսկ հրապարակային դժգոհություն հայտնել Թրամփին: ԱՄՆ-ում ադրբեջանական «ընդհատակ» կա, որ ոչ պակաս օրինախախտ է, քան Ռուսաստանում:
Ըստ էության՝ Ռուսաստանի հետ դիվանագիտական լարվածությունը ցուցադրական է: Դա հասկանալու համար բավական է վկայակոչել փաստը, որ Բաքվի քաղաքային իշխանությունը մերժել է «Մուսավաթ» կուսակցության՝ հուլիսի 8-ին Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա անցկացնելու հայտը՝ պատճառաբանելով, որ «քաղաքական բնույթի միջոցառումների կազմակերպումը նպատակահարմար չէ»:
Ի՞նչ ընթացք կունենա Պյակշիևայի սպանության գործը: Ամենայն հավանականությամբ, Ալիևի կառավարությունը կհոգա, որ սպանված սահմանախախտի մարմինը տեղափոխվի և հողին հանձնվի Բաքվում: Միջադեպը Միացյալ Նահանգներ-Ադրբեջան հարաբերությունների վրա ոչ մի ազդեցություն չի ունենա: