Դիտում ՝ 21 553
«Հավատը, որ սիրով է գործում…» (Գաղ. 5։6):
Հավատքը և սերն այն զույգ ճառագայթներն են, որոնք լուսավորում են աշխարհն ու կյանքը: Կրոնն իր էությամբ հավատքի զորությունն է, սերը նույն ինքը՝ կյանքն է: Նա, ով այդ երկու զորություններն իր անձի մեջ չի միաձուլում, անհաստատ հիմքերի վրա է դնում իր կրոնական կյանքը՝ բացառելով հոգևոր մարդու զարգացման հնարավորությունը:
Որևէ այլ կրոն այնպիսի խորությամբ չի միավորում, չի գրկախառնվում այդ զույգ աղբյուրներին, որքան քրիստոնեությունը: Ավետարանը հրաշալի, զմայլելի պատկերն է աստվածային այդ երկու ձայների, որոնք ուժգին և հնչեղ ներդաշնակությամբ լցնում են տիեզերքն ու մարդկային կյանքը:
www.instagram.com
AD
Իսրայելի պատմության սեմին հանդիպում ենք մեծ հավատավորին՝ Աբրահամին, որը չի վարանում անգամ սրով խոցել իր սիրեցյալ որդուն՝ Բարձրյալի կամքին հնազանդվելու համար:
www.instagram.com
AD
Հավատքի զոհասեղանին կատարված սիրո այդ զոհաբերությունը, որի խորագույն նշանակությունը բացահայտում ենք Հիսուսի ցուցաբերած սիրո մեջ, որպես գերագույն հավատքի մի անզուգական օրինակ, «հավատքի հայր» փառապսակով է անմահացրել մեծ նահապետին:
Աստծու ժողովրդի պատմությունը հավատքի մեծագործության մասին վկայող մի հրաշալիք է, որում Իսրայելի ընտրյալ առաջնորդները հանդես են գալիս որպես հավատքի դյուցազուններ, «որոնք իրենց հավատքով արդարություն գործեցին, հասան ավետյաց շնորհներին, փակեցին առյուծների երախները, մարեցին հրի զորությունը, զորացան տկարության մեջ, փրկվեցին սրից..․. քարկոծվեցին, սղոցվեցին, փորձվեցին, նահատակվեցին սրի հարվածներով»:
Հավատքն աշխարհի մեծագույն զորությունն է, որի միջոցով հաղթանակներ են կերտվում: Հավատքի զորությունը զգալի է ամենուրեք, ուր մեծ գործեր են կատարվում, գործե՛ր, որոնք բարերար ազդեցություն են ունենում բոլոր ժողովուրդների ճակատագրի վրա:
Հավատքն է, որ բացատրում ու լիացնում է ամբողջ կյանքը. մեծ մարդիկ «արդյունքն» են մեծ հավատքի: Հավատքի զորությունն անհերքելի է, զորությո՛ւն, որ խոսում է ուղղակիորեն հոգուն և սրտին:
Հավատքը կարևոր դեր ունի գիտության մեջ ու հասարակական բոլոր հարաբերություններում: Աչքն ու միտքը կամ տեսողությունը և տրամաբանությունը երբևէ բավական չեն եղել մարդու համար. յուրաքանչյուր ջանք, սրտի յուրաքանչյուր թռիչք, յուրաքանչյուր հաստատուն գործ հավատքի մասնիկ ունի իր մեջ:
Գիտությունը չէ, որ ստեղծել է հասարակական կյանքը, կացութաձևերը, պաշտամունքներն ու հիշատակարանները, իսկ մարդուն էլ երկրագնդի տերը դարձրել, այլ այդ ամենը հավա՛տքն է արել:
Մենք ապրում ենք մի խորհրդավոր աշխարհում, որում տիրող իրականության վերաբերյալ մեր զգայարանները խաբում են մեզ և իրենց անկարողության պատճառով տիեզերական կյանքը բնութագրող երևույթների մի չնչին մասն են միայն ներկայացնում:
Արևը, լուսինը, աստղերը մեր շուրջը պտտվում են, իսկ երկիրն անշարժ է թվում մեզ. սա մի խաբուսիկ երևույթ է: Մենք ներդաշնակ ձայներ ենք լսում, սակայն իրականում դա օդի լուռ ծածանումն է, որ ծփանքներ է փոխանցում մեր ականջին:
Մենք հիանում ենք լույսի և գույների երանգներով, որոնք մեր աչքերի առջև են հառնում բնության կենդանի ու պայծառ տեսարանների միջոցով, սակայն իրականում այդ պատկերների մեջ գոյություն չունի ո՛չ լույս և ո՛չ գույն, այլ միայն շարժումներ, որոնք մեր տեսողական երակի վրա ազդելով՝ լույսի զգացում են հաղորդում մեզ:
Ըստ այսմ, գիտության ջահը միայն փոքրիկ նշույլներ է արձակում մեր ճանապարհի վրա, և այդ ճանապարհի մեծ մասը դեռևս խավարի մեջ է մնում: Հավատքն է, որ պայծառ, արևափառ հնոցից իր ջերմ ճառագայթներն է սփռում դեպի շա՜տ ավելի հեռուները, և այդ ճառագայթները միևնույն ժամանակ ուրախություն են պարգևում սրտին ու գոհացնում են միտքը:
Հավատքը մտքից տարբերվում է, բայց ավելի ապահով ճանապարհով է տանում դեպի այն ճշմարտությունը, որին նվիրվում է մարդու ամբողջ հոգին: Հավատքն է, որ ավարտին է հասցնում բանականության սկսած գործը:
Սխալվում են բոլոր նրանք, ովքեր ասում են, որ օրերից մի օր մարդկությունը պիտի բավականանա միայն գիտության, արվեստի և առաքինության անշահախնդիր պաշտամունքով, որն իր ձեռքում ունի ոչ միայն մարդու նյութական բարօրության, այլ նաև բարոյական երջանկության բանալիները: Խանդավառ գիտասերները չափազանցում են գիտության դերը, մինչդեռ այդ նույն գիտության սկզբունքները ևս հավատքի վրա են հիմնված:
Գիտության համար երկինքը մի թափուր անմեղություն է, ուր մոլորվում են անհունի ծարավն զգացող հոգիները: Գիտությունը մարդու մեջ տեսնում է միայն ջղերի, կաշվի ու մսի կույտ և հյուսվածք, որը, սակայն, չի առաջնորդվում նրա անմահ հոգու կողմից:
Գիտությունն աստղերի մեջ՝ անծայրածիր հեռավորություններ, երկրագնդի վրա ահռելի խորություններ է ցույց տալիս ու չի կարողանում հասկանալ բնության այն խորունկ ներդաշնակությունը, գեղեցկությունը և մեծ վայելչությունը, որի «հեղինակն» Աստծու շունչն է:
Գիտնականները խոստանում են ամենաբույժ դեղով սփոփել մարդու վշտերն ու վերացնել ճակատագրի թշվառությունը, սակայն այն հրապուրիչ, շողշողուն բաժակը, որ նրանք պարզում են մեզ, դատարկ է, ու այդ բաժակի հատակին մարդը պատրանք և հուսախաբություն է գտնում: