Իլոն Մասկը հայտարարել է «Ամերիկա» անունով նոր կուսակցության ստեղծման մասին

Քաղաքականություն

06.07.2025 | 10:49

Բիզնեսմեն Իլոն Մասկը հուլիսի 4-ին X սոցիալական ցանցում անցկացրած քվեարկության արդյունքներով հայտարարել է նոր քաղաքական կուսակցության՝ «Ամերիկա»-ի ստեղծման մասին։

«2-ը 1-ի հարաբերակցությամբ դուք ցանկացաք նոր քաղաքական կուսակցություն, և դուք այն կստանաք։ Երբ խոսքը գնում է մեր երկրի սնանկացման մասին՝ ծախսերի և կոռուպցիայի պատճառով, պարզվում է, որ մենք ապրում ենք ոչ թե ժողովրդավարության, այլ միակուսակցական համակարգի մեջ։ Այսօր ձևավորվում է «Ամերիկա» կուսակցությունը՝ ձեզ ձեր ազատությունը վերադարձնելու համար»,-գրել է Մասկը հուլիսի 5-ի երեկոյան իր X-ի իր էջում։

Մասկի խոսքով՝ երկու կուսակցությունից անկախություն ստանալու «մեկ եղանակը» կարող է լինել կենտրոնանալը սենատի երկու-երեք տեղերի և ներկայացուցիչների պալատի ութից տասը շրջանների վրա։

«Հաշվի առնելով օրենսդիր մարմնում նվազագույն առավելությունը՝ դա բավական կլինի վիճահարույց օրինագծերի քվեարկության ժամանակ վճռորոշ ձայն ապահովելու համար և երաշխավորելու, որ դրանք կարտացոլեն ժողովրդի իրական կամքը»,-նշել է Մասկը։

Ավելի վաղ Մասկը ԱՄՆ Անկախության օրվա ընթացքում հարցում էր անցկացրել X-ում՝ հարցնելով, արդյոք օգտատերերը ցանկանում են անկախություն ստանալ երկկուսակցական քաղաքական համակարգից։ Քվեարկության մասնակիցների երկու երրորդը (65,4%) կողմ էր, իսկ 34,6%-ը՝ դեմ։

Իլոն Մասկը նախկինում սպառնացել էր ստեղծել նոր քաղաքական կուսակցություն, եթե Կոնգրեսը քվեարկի հարկային արտոնությունների մասին օրենքի օգտին, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչում է «մեծ գեղեցիկ օրենք» (The Big Beautiful Bill)։ Կոնգրեսը ընդունել է օրենքը հուլիսի 3-ին, Թրամփն այն ստորագրել է հուլիսի 4-ին։

Leave a Comment