Ուղևորատար ինքնաթիռի օդաչուն թռիչքից առաջ խցիկում ուշագնաց է եղել

Air India ավիաընկերության օդաչուն ուշագնաց է եղել խցիկում՝ թռիչքից մի քանի րոպե առաջ։ Ինքնաթիռը Բենգալուրուից ուղևորվում էր Դելի տեղական ժամանակով ուրբաթ օրը՝ առավոտյան ժամը 3-ի սահմաններում, հայտնում է Express-ը։
Նշվում է, որ արտակարգ պատահարի պատճառով ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է։
Ըստ ավիաընկերության ներկայացուցիչների, օդաչուն պատրաստվում էր ստորագրել նախաթռիչքային փաստաթղթերը, երբ կորցրել է գիտակցությունը։
Օդաչուին անմիջապես տեղափոխել են մոտակա հիվանդանոց, որտեղ, ինչպես հաղորդվում է, նրա վիճակը կայուն է, սակայն նա մնում է բժիշկների հսկողության տակ։ Air India-ն շտապ փոխարինող օդաչու է գտել, և թռիչքն ի վերջո իրականացվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 04:36-ի սահմաններում։
Ավիաընկերությունը հաստատել է միջադեպի փաստը և ընդգծել, որ օդաչուի առողջությունն ու ապաքինումը մնում են իրենց գլխավոր առաջնահերթությունը։

Leave a Comment