Փարիզի Սենա գետում 1923 թվականից ի վեր առաջին անգամ թույլատրվել է լողալ – Armenia Today

Փարիզի Սենա գետում հուլիսի 5-ից թույլատրվել է լողալ դրա համար հատկացված վայրերում, հայտնում է Le Monde-ը:

1923 թվականից ի վեր Սենայում արգելվել է լողալ ջրի վատ որակի պատճառով: Լողալու համար հատկացվել են երեք թույլատրելի գոտիներ՝ Էյֆելյան աշտարակի մոտ, Սեն Լուի կղզու դիմաց և Բերսիում։ Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում դրանք հասանելի կլինեն մինչև օգոստոսի 31-ը:

«Իմ նախորդներից մեկը, լինելով Փարիզի քաղաքապետ, երազում էր, որ բոլորը կարողանան լողալ Սենայում։ Վաղը նրա խոստումը կկատարվի»,- հուլիսի 4-ին սոցցանցում գրել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ակնարկելով Ժակ Շիրակին, ով հայտարարել էր, որ կգա ժամանակ, երբ հնարավոր կլինի լողալ Սենայում:

Սենայում ջրի որակի բարելավումը մեծապես կապված է Օլիմպիական խաղերի նախօրեին Շամպինյի-սյուր-Մարն քաղաքում (Փարիզից մոտ 15 կմ հարավ-արևելք) կեղտաջրերի մաքրման կայանի բացման հետ:

Leave a Comment