Դիտում ՝ 21 557
«Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այն մարդը» (Հովհ․ 7․46)։
Հիսուսի կյանքի սկիզբը մի նոր թվական բացեց Իսրայելի կրոնական պատմության մեջ և որոշ ժամանակ անց էլ նոր թվագրումը եղավ ամբողջ տիեզերքի պատմության համար:
Հիսուս Քրիստոսի միջոցով կրոնական մտածումներն ու հավատալիքները հրեական և հեթանոսական ծեսերի կեղևից մաքրվեցին ու դրվեցին բուն հոգևոր տիրույթի մեջ:
Եվ դարեր շարունակ հոգևորապես թմրած մարդկային գիտակցությունը Փրկչի շնչի ներքո աստվածային օծություն ստացավ: Քրիստոս հավատքի բանալին հանձնեց մարդկությանը և նրա բոլոր դասակարգերին ուսուցանեց հավատալու կերպն ու փրկության ճանապարհը:
Մի ժամանակ տապանակի ու Հեսուի առաջնորդությամբ դեպի Ավետյաց երկիր գաղթող ժողովրդի՝ գետն անցնելու պահին ցամաքող Հորդանանը (Հեսու 3․15-17) հազարամյակներ անց ընդունել էր արդեն Հիսուսին, որպեսզի այս անգամ դեպի ավելի լուսավոր Երուսաղեմ, դեպի ավելի մաքուր ու ավելի անանց Ավետյաց երկիր առաջնորդեր նրա՛նց, ովքեր կոչված էին «Աստծու որդիներ» լինելու (Ղուկ. 3․21, 22, Մարկ. 1․9-11, Մատթ. 3․16-17):
Քանի դեռ Բոոսի դաշտերի հունձքերով ու Հակոբի ջրհորներով տարված մարդկային մտքերը հոգեկան բուռն ցնցումներ էին ապրում, քանի դեռ Սելովամից՝ կյանք, և Զատկի գառներից փրկություն ակնկալող սրտերն անդադար կոտրվում էին, այդ ստվերային տոների դարավոր կյանքը հետզհետե զրկվում էր կենսունակությունից՝ իր ծերության հոգեվարքին մոտենալով:
Կասկածները, նոր արթնացող տարակույսները հետզհետե տեղի էին տալիս այն վճիտ և իրապես մխիթարող հավատքի առջև, որի սերմերն այդքա՜ն բարերարորեն սերմանվում էին Հիսուսի ձեռքով՝ պարգևվելով մեծին ու փոքրին, տիրոջը և ծառային, հրեայի ու հեթանոսի հոգիներին:
Մտքով վերլուծված և ճշգրտորեն ըմբռնված հոգու կյանքը և Ինքը՝ Հոգի Աստված, չէր կարող բավականություն զգալ գինեձոնումներից, քավության ծիսակատարություններից ու գառների զոհաբերությունից…
Ահա այդ ժամանակ, երբ զատկական անթթխմոր հացն այլևս բավարար չէր մեղքերի արատները սրբելու համար, Հիսուս ասաց. «Ես եմ Կյանքի հացը» (Հովհ. 6.36, 41, 48, 50, 59):
Բեթղեհեմի այգիներն այլևս կորցրել էին իրենց քավչարար զորությունը, երբ Հիսուս Իր արյունը մատուցեց փրկության ծարավն ունեցող մարդկությանը: Հակոբի ջրհորը տեղի էր տալիս «կենդանի ջրերի» ու ակունքի առջև (Հովհ. 4.10-14), և դա ժողովուրդների հոգևոր ազատագրության վերջին հանգրվանն էր, տիեզերասփյուռ մարդկության հաշտության օրրանը:
Դարեր ի վեր անորոշությունների, անճշտությունների, ցավերի ու զրկանքների բեռի տակ հեծեծող ժողովուրդները նոր կյանք ու նոր հոգի ստացան Հիսուսի մխիթարության հորդառատ աղբյուրներից և Նրա փրկաբաշխ շնորհներից: Իսկ Ավետարանի քարոզության ունկնդիրներն այժմ երկնավոր Հոր խանդաղատանքն էին զգում իրենց հոգիներում ու վերածնվում էին հոգևոր կյանքով:
Եվ այդ վերածնությունների, այդ ոգևորումների, հավատքի այդ կենդանացնող շնչի «պատճառն» ա՛յն էր, որ Հիսուսից առաջ «ոչ մի մարդ երբեք այդպես չէր խոսել» (Հովհ․ 7․46):
Քրիստոսի ունկնդիրներից ոմանք, սակայն, հրաժարվում էին հետևել այդ «հանդուգն» Անձին, Որն իրենց՝ մինչ այդ պահը փնտրած մխիթարությունը երկնքի խորքերից էր շնորհում նրանց:
Մինչդեռ Հիսուսի ունկնդիրների մեծամասնությունը Նրա հետևորդներն էին դառնում. Նրա կարեկցող սիրտը, սիրո վերերկրայնությունը, մարդկանց արարքները վերլուծելուն միտված Նրա շնորհները, հոգիներն իրենց տենչանքներով հանդերձ «ընթերցելու» Նրա պայծառատեսությունը, ընկածներին ոտքի կանգնեցնելու Նրա առնական կորովը, տառապյալներին մխիթարող Նրա բառերի օծությունը, Նրա դեմքի՝ մարդկանց մեղքերը քավող հրեշտակային քաղցրությունն ու միաժամանակ նաև թախիծը, վերքերը բուժող ինքնաբույր հայացքը պատճառ էին դարձել, որ մի ամբողջ ժողովուրդ Հիսուսի հետ կապեր իր ճակատագիրը:
Եվ ի՞նչ փույթ, որ Հիսուսի եղբայրները չէին հավատում Նրա կոչմանն ու առաքելությանը (Հովհ. 7.5). միևնույն է, նրանք սիրում էին Հիսուսին, որովհետև Նա «իշխանությամբ էր խոսում» (Ղուկ. 4.30):
Հակառակ այն մխիթարությանը, որը Հիսուս լիաբուռն բաշխում էր բոլոր նրանց, ովքեր իրենց սրտերը հետզհետե պատրաստում էին Նրան ընդունելուն, Ինքը՝ Հիսուս, զգում էր, որ Իր քարոզած փրկարար վարդապետություններն Իր իսկ վշտերի ու լքվածության պատճառ էին եղել և դեռ պիտի լինեին:
Դա, սակայն, Փրկչի համար խոչընդոտ չէր, քանի որ Նրա կրած այդ վշտերը փրկարար նշանակություն ունեին: Հիսուս այդ վիշտը կրում էր Իր ներսում, երբ Տաղավարահարաց տոնի օրը գաղտնի Երուսաղեմ էր բարձրանում:
Այս երկրորդ անգամն էր, որ Հիսուս, հակառակ Իր ասելուն, թե «Իմ ժամանակը դեռ չի հասել», Իր եղբայրներից հետո դարձյալ Երուսաղեմ գնաց (տե՛ս Հովհ. 7.8 հմմտ. Հովհ. 2.13):
Տաղավարահարաց տոնն ի մի էր հավաքել գավառներից եկած ժողովրդին, աշխույժ կյանքը բզզում էր վրանների տակ: Բերքի համար շնորհակալության այդ տոնը նոր եռուզեռ էր առաջացրել նրա՛նց հոգիների խորքում, ովքեր Աստծու հետ իրենց հարաբերությունները հաստատել էին սխալ հիմքերի վրա:
Այդ զվարթ համախմբումի միջից թերևս ոչ ոք չէր զգում, որ «Աստծու թագավորությունը» նրանց միջից պիտի վռնդեր իրենց ծիսակրոնական կարկամությունները, որ գիրը պիտի տեղի տար հոգու առջև, ու մովսիսականության շանթաձիգ, օտարամերժ և վրեժխնդիր Աստված պիտի ամբողջ մարդկության համար «վերափոխվեր» բարի, գթառատ ու երկնավոր Հոր:
Ամբարված հունձքերի ու լցված հնձանների այդ տոնը մարմնապաշտ ձգտումների մեկ, օրենսդրական խտացումն էր ներկայացնում, և մարմնով ու մարմնի համար ապրող այդ ժողովուրդը տակավին անկարող էր ըմբռնելու, որ «Հոգին է կենդանարար, մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6.64):
Օրենքը սահմանագծել էր նրանց ճանապարհը: Տոնի բոլոր հրահանգները, ծեսերն ու արարողությունները մանրամասնորեն կանոնադրված էին: Ժողովուրդը, քահանայի առաջնորդությամբ, ամեն առավոտ գնում էր Սելովամի ավազան, երգերն ու նվագները թնդացնում էին օդը, շատերը խմում էին ավազանի ջրերից, մյուսները երգում էին Եսայու խորհրդապաշտ բառերը. «Ո՜վ բոլոր ծարավածներ, եկե՛ք դեպի ջուրը, ուրախությամբ ջո՛ւր պիտի առնեք փրկության աղբյուրներից» (Ես. 12.3):
Քահանան, զվարթությամբ կատարելով իր պարտականությունը, նույն ավազաններից ոսկե ամաններով ջուր էր տանում տաճար ու հեղում էր զոհասեղանի վրա: Եվ դարեր շարունակ այդ միևնույն արարողություններն անփոփոխելիորեն կրկնվում էին տոնի բոլոր յոթ առավոտներին:
Հիսուս, ուխտավոր լինելուց ավելի, մի դիտորդ էր այդ ամբոխի մեջ: Նա նայում էր այդ ամենին ու վերլուծում էր հրահանգվող կարգադրությունների ունայնությունը: Զգում էր ժողովրդի ցավն ու տառապում էր: Օրենքի ընձեռած միջոցներն անզոր էին դարմանելու այն վերքը, որը ցավեցնում էր ժողովրդի հոգին:
Այդժամ Հիսուս զգում էր, որ Սելովամն ու հունձքի տոնը բավարար չէին հոգևոր փրկության կարոտ այդ ժողովրդի կյանքը վսեմացնելու համար: Անհրաժեշտ էր, որ ոճրագործ գիրը տեղի տար հոգու արթնության առջև: Հարկ էր, որ Օրենքը որպես մեռած տառ խոստովանվեր Շնորհի տիրապետության առջև: Ահա՛ թե որն էր Քրիստոսին վերապահված առաքելությունը:
Տոնի վերջին օրը, երբ արարողությունները դեռ իրենց ավարտին չէին հասել, ահավասիկ, Հիսուս աղաղակում է. «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա և խմի: Ով Ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն» (Հովհ. 7.37-38):
Հիսուսի քնքուշ, գրեթե «մայրական» ձեռքն էր, որ հպվում էր թմրած հոգիներին, որպեսզի հոգևորապես ամայացած այդ անապատներում, նրանց հոգիների խորքում դարձյալ բանար այն աղբյուրները, որոնցից կենդանի ջրեր պիտի բխեին:
Քահանաները դողացին Նրա ձայնից, ժողովուրդն ուրախացավ՝ այդ ձայնը լսելով: Մարդկանց սրտերի միջով մի անծանոթ սարսուռ անցավ: «Սա իսկապես մարգարե է»,- ասում էին շատերը: «Սա է Քրիստոսը»,- ասում էին ուրիշները: Եվ այդ համոզումն արմատանում էր նրանց մեջ, քանի որ մինչև այդ պահը ոչ ոք երբևէ այդքան պարզորոշ չէր մատնանշել «կենդանի ջրեր» բխեցնելու անհրաժեշտությունը, ոչ ոք երբևէ այդքան սրտացավորեն չէր շոշափել իրենց վերքերը, ոչ ոք այդքան խորապես չէր զգացել իրենց ցավերն ու իրենց տառապանքները, քանի որ մինչև այդ «ոչ մի մարդ երբեք այդպես չէր խոսել, ինչպես այդ մարդը»:
«Մի՞թե Քրիստոս Գալիլիայից է գալու»,- ասում էին Նրա հակառակորդները, քահանաները և բոլոր նրանք, ովքեր զրկվում էին իրենց շահից, նրա՛նք, ում կեղծիքները հրապարակվում էին:
Այդպիսիների համար իրենց ակնկալած Քրիստոսը, իրենց ընկալած Մեսիան չէր կարող Գալիլիայից եկած լինել, սակայն, չնայած դրան, «ոչ մի մարդ երբեք այդպես չէր խոսել, ինչպես այդ մարդը»:
Եվ Հիսուսի քարոզության այդ անծանոթ շեշտադրությունը երկու տեսակի գաղափարներ էր արթնացնում բազմության մտքում: Այդ երկու տեսակետների համար էլ որպես հակառակության կռվան էր հանդիսանում միևնույն պատճառաբանությունը: Երկպառակտությունը գլուխ էր բարձրացնում, երկու կողմերը մեկընդմիշտ բացազատվում էին իրարից… (տե՛ս Հովհ. 7.40-44):
Երկու ճակատների բաժանված այդ պառակտումն այսօր էլ տակավին գոյություն ունի, բայց և այնպես պետք է արձանագրել, որ Հիսուս մեծագույն ճշմարտությունն էր հայտարարում, երբ «կենդանի ջրեր»-ի ակունքը հենց Իրեն դիմող մարդկանց մեջ էր ցույց տալիս:
Մենք Սուրբ Գրքի այլ հատվածներից գիտենք, որ սիրտն է այն բուն ակունքը, որից «կյանքի աղբյուրներ» պիտի հոսեն (Առակ. 4.23): Հիսուս Իր կյանքի օրերում, Իր խոսքերի ու գործերի, Իր սիրո և աղոթքի միջոցով արդեն իսկ ցոլացրել էր Իր մաքրամաքուր սրտի բովանդակ անբծությունը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Նրա մեծության ու Աստվածության սքանչելի նշանը:
Մարդու արժեքը գնահատելու միակ ստուգանիշը կամ վավերանիշը պետք է փնտրել նրա սրտում, որովհետև մարդ իր սրտում է «բնակվում» ու ապրում է իր սրտի թելադրած զգացումներով, սերերով և միտումներով, որոնք էլ ուղեցույց են դառնում նրա կյանքի համար:
Սիրտն է, որ ամեն բանից առաջ մեր «փոխարեն», մեր ներսում գործում է, և մեր նկարագիրն ըստ մեր սրտի ընթացքի է վկայվում: Սիրտն է, որ իր կենսական գոյության ողջ ընթացքում մեզ ուժ ու կորով է ներշնչում, որպեսզի մենք հասնենք մեր գերագույն տենչանքներին:
Սիրտն է, որ տկարանում և հուսահատվում է, սիրում է ու ատում, պաշտում և խորտակում, աղոթում ու հայհոյում: Սիրտն է, որ կա՛մ մոլորեցնում է մեզ, կա՛մ դեպի Հիսուս է առաջնորդում:
Մահն ու կյանքը սրտի մեջ են, ժպիտն ու արցունքը սրտից են ծնվում, և սիրտն է, որ մեզ ճաշակել է տալիս դրանցից մեկը կամ մյուսը: Ահա՛ թե ինչու է սաղմոսերգուն «սուրբ սիրտ» խնդրում Աստծուց: Ահա՛ թե ինչու է Հիսուս երանի տալիս նրանց, ովքեր «սրտով մաքուր են»:
Ահա՛ թե ինչու է առակասացը մեզ պատվիրում «ամենայն զգուշությամբ պահպանել սիրտը» (Առակ. 4.23), չէ որ նա գիտի, որ «ծուռ սիրտ ունեցողները պիղծ են Աստծու առջև» (հմմտ. Առակ. 11.20):
Նույնիսկ հավատքից կախում չունեցող բարոյապաշտության կողմնակիցներն են որպես իրենց ողջ շինվածքի անկյունաքար դավանում սրտի մաքրությունը, առանց որի այս աշխարհում ո՛չ վստահություն կարող է գոյություն ունենալ, և ո՛չ էլ որևէ բարոյական նկարագիր:
Խոսքը կամ արտաքին երևույթներն իրենց կեղծիքներով ու պատրանքներով երբևէ չեն կարողացել հիմնավոր արժեքներ կերտել: Խոսքի կամ արտաքին ուժերի միջոցով ձեռք բերված առօրյա հաջողությունները որևէ երաշխիք չունեն իրենց տևականության համար:
Առանց մաքուր սիրտ ունենալու, սոսկ իրավիճակներ փրկելու համար ժպտալը, վստահաբար, ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր ներքին մարդու քայքայումը, որի հետևանքով մենք մեր իսկ ձեռքով հետզհետե ցամաքեցրած պիտի լինենք Հիսուսի ակնարկած «կենդանի ջրեր»-ի ակունքը՝ այդպիսով ցամաքեցնելով նաև մեր կյանքի աղբյուրն իսկ:
Առակասացը մեզ պատվիրում է «պահպանել մեր սիրտը», քանի որ սրտից կյանքի աղբյուրներ են հոսում: Հիսուս մեզ Իր մոտ է հրավիրում, որպեսզի «մեր որովայնից կենդանի ջրեր բխեցնի»:
Այս երկու հրավերներից կամ պատվիրաններից մեկը մեր սրտի պահպանության կարևորությունն է շեշտադրում, իսկ մյուսն այդ պահպանության միջոցն է ցույց տալիս մեզ:
Մենք՝ մարդիկս, սովորություն ունենք մեզ համար թանկագին առարկաները պահպանելու այն բոլոր պատահականություններից, որոնք կարող են վնաս հասցնել դրանք արժեքին: Ցեցերը կրծում ու մաշեցնում են այդ «գանձերից» շատերը, որոշները բծերի ու անմաքրության պատճառով են եղծվում, և գողերն էլ հափշտակում են դրանք, եթե մենք թերանում ենք դրանց պահպանության հարցում:
Ուրեմն՝ պահպանությունն այլ բան չէ, եթե ոչ պատահական կորստյան դեմ նախապես ձեռք առնվող ապահովության միջոց: Այդ կորուստը կարող է լինել նյութական, բայց կարող է լինել նաև բարոյական կամ հոգևոր:
Սրտի պահպանության հարցում թերացումը մեզ հանգեցնում է բարոյական կործանման: Այդժամ ստորակա կրքերը կարող են մեզնից գողանալ մեր սիրտը, խոչընդոտել մեր մաքուր զգացումների դրսևորմանը, պղտորել մեր վճիտ պայծառասիրությունը՝ մեր ժառանգած անբիծ սրբությունը փոխանակելով ապականությունների, չար սովորությունների և մեղքերի հետ:
Նախ պիտի ըմբռնենք, որ մեր հարստություններից մեծագույնն ու թանկագինը «մաքուր սիրտն է», քանի որ ա՛յն է հաճելի Աստծու առջև (հմմտ. Առակ. 23.1): Ուրեմն՝ նախ հարկ է գնահատել մաքուր սրտի արժեքը, և այդպիսով հարթած կլինենք դժվարությունների մեծ մասը:
Բայց և այնպես ոչ ոք չի կարող ուրանալ, որ սրտի պահպանությունը խիստ դժվարին մի առաքելություն է, մանավանդ երբ խոսքն այդ առաքելության իրականացման սկզբնական փուլի մասին է։
Մենք կարող ենք սանձ դնել մեր լեզվին ու մեր վարմունքին, ուրիշների հետ մեր ունեցած հարաբերությունները կարող ենք չափավորել մեր ուզած կամ ընտրած ձևով, կարող ենք ինքներս մեզնից հեռացնել այն հարաբերությունները, որոնք հաճելի կամ ախորժելի չեն մեզ։
Մինչդեռ սրտին իշխելու, այն սանձահարելու, նրա ներքին զգացողությունների վրա չափ ու սահման դնելու, մեկ խոսքով՝ այն «սուրբ» պահելու համար անհրաժեշտ է ամենատաժանելի ջանքերը գործադրել։
Սիրտը շատ սերտ կապի մեջ է մարմնի հետ, և մենք չենք կարող շարունակաբար կամ մեկընդմիշտ խզել այդ կապը։ Եվ ահա այս պատճառով է, որ պետք է մեծագույն աչալրջություն ցուցաբերենք սրտի պահպանության հարցում մեր ստանձնած պարտավորությունն իրականացնելիս։
Կարող եք վստահ լինել, որ կամքն ու հաստատուն մտադրությունն անկարող են մեր մեջ արթնացնել մեզանից հեռացող մեր մանկության պարզությունը, հրեշտակային, անմեղ ու միամիտ մանկությունը, որը մեր կյանքի բոլոր շրջափուլերում էլ ապրում է մեր մեջ, և որը Հիսուսի կողմից իբրև հաստատուն պայման սահմանվեց Աստծու թագավորություն մուտք գործել կարողանալու համար (Մատթ․ 18․2-3)։
Հիսուս զգաց սրտի պահպանության մեծագույն դժվարությունը, զգաց մարդկության տկարությունները և միայնակ դրանք դարմանելու մարդկային անկարողությունը։ Ահա թե ինչու Հիսուս մոտեցավ մարդկության այդ տկարություններին ու դրանց մեծագույն մասը Խաչի հետ Իր ուսերի վրա վերցրեց։
Ամբողջական նյութը՝