Փաշինյանը կարեւորում է ռազմավարական գործընկերության խորացումը ԱՄՆ-ի հետ

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. 

 

«Հայաստանին եւ Միացյալ Նահանգներին միավորում են մեր ժողովուրդների պատմական բարեկամությունը, ժողովրդավարական սկզբունքներին ու քրիստոնեական արժեքներին նվիրվածությունը, ինչպես նաեւ հաստատուն հանձնառությունը ազատությանը, արժանապատվությանը եւ արդարությանը:

 

Հայաստանը մեծապես կարեւորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր, ներառյալ՝ առեւտրի, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտի ու ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով էլ ավելի բարձր մակարդակի կհասցնենք մեր հարաբերությունները՝ ի բարօրություն Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ժողովուրդների: 

 

Բարձր եմ գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու եւ խաղաղություն հաստատելու Ձեր տեսլականը: Լիահույս եմ, որ Ձեր առաջնորդության ներքո Միացյալ Նահանգները հիմնարար ներդրում կունենա Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղություն ու կայունություն հաստատելու եւ բարգավաճում ապահովելու գործում: Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անսասան հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա, ինչպես նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներին համահունչ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը»:

Leave a Comment