Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը, հայտնեց, որ Ռազմական ոստիկանության աշխատակիցները ծառայություն են իրականացրել Սեյրան Օհանյանի առանձնատան տարածքում։
«2010-2015 թթ․ ընթացքում տեղի են ունեցել ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի առանձնատան կառուցապատման աշխատանքները, իսկ 2011-2016 թթ․ Ռազմական ոստիկանության աշխատակիցները ծառայություն են իրականացրել այդ տարածքում՝ առանձնացված ենթակառուցվածքի մեջ։ 2016 թվականին սկսվել է բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող տարածքի վարձակալության մրցութային գործընթացը։ Փաստաթղթերում նշված է, որ տարածքում որևէ շինություն չկա, նշված է՝ թեք, ծառապատ հողատարածք է, որը տրամադրվել է ոչ թե մասնավոր բնակարանաշինության, այլ ներդրումային ծրագրի համար՝ վարձակալության, ոչ թե սեփականության իրավունքով»,- ասել է Վարդապետյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքեց.
«Այսինքն՝ Ապրիլյան պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում… Դուք հասկանում ե՞ք՝ պաշտպանության նախարարը, ով ապրիլյան պատերազմի ժամանակ գալիս էր այստեղ ու դոշ էր ծեծում, զինվորներին տարել էր…»
Դատախազը հավելեց, որ ռազմական ոստիկանության ծառայողները շինարարական աշխատանքներ չեն իրականացրել. շինարարությունը կատարել են քաղաքացիական մասնագետները։
