Սրբուհի Գալյանը դժվարացավ մտաբերել, որ Աննա Վարդապետյանը նախկինում անձամբ հաղորդում ներկայացրած լինի հանցագործության մասին

Ակնհայտ բաներից չարժե խոսել առ այն, որ մեր քաղաքացիներն իրապես դժգոհ են ՀԷՑ-ի աշխատանքից։ Այդ դժգոհությունները եղել են ավելի վաղ շրջանում, դժգոհությունների հետ կապված քննարկումները և խնդիրները լուծելու հրահանգները՝ ևս, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Հարցին՝ ինչպե՞ս է ինքը, որպես Արդարադատության նախարար, երաշխավորում այն մարդկանց իրավունքները, որոնց հավաքների մասնակցելու համար սպառնում է Նիկոլ Փաշինյանը, Գալյանը պատասխանեց՝ ոչ ոք չի կարող սպառնալ որևէ մեկի ազատ կամքի իրացմանը, եթե այդ կամքն իսկապես ազատ է։

«Նիկոլ Փաշինյանն ընդամենն ասում է, որ պարտադրաբար հավաքներին մասնակցելը կարող է ունենալ որոշակի հետևանքներ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ 2018-ին մարդիկ պարտադրաբար չեն մասնակցել հավաքներին։

«Խնդիրն աշխատակիցների ուշադրությունը հրավիրելն է այն հանգամանքին, որ պարտադրաբար հավաքներին մասնակցելն իրավախախտում է, և չպետք է տրվել սադրանքներին»,- ասաց նա։

Հաջորդ հարցին՝ հիշո՞ւմ է դեպք, որ դատախազն անձամբ հաղորդում ներկայացրած լինի հանցագործության մասին, Սրբուհի Գալյանը դժվարացավ նման դրվագ մտաբերել։

«Դրա պատճառն այն է, որ երևի ուշադիր չեմ եղել քրեական արդարադատության ոլորտին։ Չեմ հիշում, գուցե եղել է»,- ասաց նա։

Leave a Comment