ՌԴ ԱԳՆ-ն զգուշացում է հղել Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին՝ իրավիճակի սրման ֆոնին

ՌԴ ԱԳՆ-ն զգուշացում է հղել Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին՝ իրավիճակի սրման ֆոնին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ադրբեջանում գտնվող ՌԴ քաղաքացիներին ցուցաբերել առավել զգուշություն և խոհեմություն։ Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ իրավիճակային և ճգնաժամային կենտրոնի «Տելեգրամ» ալիքում։ Խորհուրդ է տրվում հաշվի առնել ստեղծված իրավիճակը՝ Ադրբեջան ուղևորություն պլանավորելիս։

Հուլիսի 1-ին Բաքվի դատարանը կալանավորել է Ռուսաստանի 8 քաղաքացու՝ Իրանից թմրանյութեր տեղափոխելու և կիբեռհանցագործության կասկածանքով։ Ավելի վաղ նույն դատարանը 4 ամսով կալանավորել էր «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխինին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին՝ խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և գույքի լվացման մեղադրանքով։

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները սրվել են նաև այն բանից հետո, երբ ՌԴ Սվերդլովսկի մարզում կասեցվել է ադրբեջանական էթնիկ խմբավորման գործունեությունը՝ մի շարք սպանությունների կասկածանքով։ Կալանավորվել են Այազ, Ակիֆ, Մազահիր և Բաքիր Սաֆարովները, ինչպես նաև Ախլիման Գյանջիևը։ Նրանցից երկուսը մահացել են։

Հունիսի 30-ին Ադրբեջանի իրավապահները խուզարկություն են իրականացրել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գրասենյակում։ Նույն օրը Բաքուն բողոքի նոտա է հղել Ռուսաստանին։ Իր հերթին՝ ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է ազատ արձակել ռուսաստանցի լրագրողներին և քննադատել Բաքվի «ոչ բարեկամական քայլերը»։

Հուլիսի 1-ին Ռուսաստանում ձերբակալվել է Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավարը։

Leave a Comment