«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 13-20-ը։ Փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը ներկայացնում է այս տարվա ծրագրային առանձնահատկությունները, աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը կինոյի վրա, տեխնոլոգիական զարգացումները և կինոն, «էլիտիստական մոտեցումները» չեղարկելու փառատոնի նոր դիրքավորումների մասին։
Ավետիսյանը նշում է, որ աշխարհաքաղաքական գործընթացների արագ փոփոխություններն ինքնին թելադրում են փառատոնի օրակարգը, քանի որ գործ ունենք արդի արվեստի հետ։ Ֆիլմերի 80 տոկոսն անդրադառնում է նորագույն պատմական շրջանին և դրա իրադարձություններին՝ ինչպես Հայաստանում և տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Սա ցույց է տալիս, որ ծրագիրը համահունչ է իրականության զարկերակին։
Այս տարի հատուկ շեշտադրում է դրվում Իրանի վրա, ինչն արդարացված է նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Փառատոնի պատվավոր հյուրն է հետհեղափոխական իրանական կինոյի կարևորագույն դեմքերից մեկը՝ Ամիր Նադերին։ Փառատոնը կբացվի մեկ այլ կարևոր իրանցի ռեժիսորի՝ Ջաֆար Փանահիի ֆիլմով, որը նախորդ տարի արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» գլխավոր մրցանակին։ Կարեն Ավետիսյանը նշում է, որ Փանահին, ի տարբերություն Նադերիի, ավելի քաղաքականացված է։
Զուգահեռաբար կցուցադրվի իսրայելցի կինոռեժիսոր Նադավ Լապիդի նոր ֆիլմը, որը Կաննի կինոփառատոնի ամենառադիկալ և պայթյունավտանգ ֆիլմերից մեկն էր՝ պաշտոնական տեսակետից համարվելով «հակաիսրայելական»։ Ծրագրում տեղ կգտնեն նաև Պաղեստինին վերաբերող ֆիլմեր, ինչը տեսանելի է դարձնում ինչպես պաղեստինա-իսրայելական, այնպես էլ իսրայելա-իրանական հակամարտությունները։
Ավետիսյանի խոսքով՝ մենք այս ամենի օտարացած հանդիսատեսը չենք, այլ գտնվում ենք հենց էպիկենտրոնում։ Փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև մեկ այլ կարևոր իրանցի ռեժիսորի՝ Աբաս Քիառոստամիի լուսանկարների ցուցահանդեսը։
Այս տարի ցուցադրվող ֆիլմերի հայացքները շատ տարբեր են և հիմնականում հոռետեսական։ Հեղինակային կինոն արհեստական հավատ և լավատեսություն չի սնուցում և չի տանում դեպի «թունելի վերջին լույսը», որի մասին շատ են խոսում։ Այն առերեսվում է իրականությանը այնպես, ինչպես կա։