Իսրայելը համաձայնել է Գազայում 60-օրյա հրադադարի պայմաններին. Թրամփ – Armenia Today

Իսրայելը համաձայնել է 60-օրյա հրադադարի համար անհրաժեշտ պայմաններին, Truth Social-ում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Իմ ներկայացուցիչներն այսօր երկար և արդյունավետ հանդիպում են ունեցել իսրայելցիների հետ Գազայի հարցով», – գրել է նա:

Թրամփի համոզմամբ՝ այդ հրադադարի ընթացքում Վաշինգտոնը կաշխատի բոլոր կողմերի հետ՝ պատերազմը ավարտելու ուղղությամբ։

«Քաթարը և Եգիպտոսը, որոնք մեծ ջանքեր են ներդրել խաղաղության հասնելու համար, կփոխանցեն այս վերջնական առաջարկը։ Հուսով եմ՝ Մերձավոր Արևելքի բարօրության համար ՀԱՄԱՍ-ը կընդունի այս պայմանավորվածությունը, քանի որ ավելի լավը չի լինելու: Կլինի միայն ավելի վատ», – հավելել է ԱՄՆ նախագահն իր գրառման մեջ:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը դեռևս մեկնաբանությամբ հանդես չի եկել, թե արդյոք կընդունի այս առաջարկը:

Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումները շարունակվել են՝ կապված պաղեստինյան շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրը մերժելու հետ:

 

Leave a Comment