Չստանդարտացված Եվրոպա կամ ինչու է Բաքվում ԵՄ դեսպանն իրեն համարել քրեական համայնքի անդամ

Արմինֆո. Այսօր, առավել քան երբևէ, հայ հասարակությունն ականատես է եվրոպական երկակի ստանդարտներին, որոնք դրսևորվում են մերթ այստեղ, մերթ այնտեղ՝ ելնելով նեղ կոնյունկտուրային շահերից։ Այսպես, օրինակ, երեկ տարակուսանք էր առաջացրել Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոյի արձագանքը Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Եվ դա այն պայմաններում, երբ ռուս իրավապահներն իրենց լիազորությունների շրջանակներում ներկայացել են կազմակերպված հանցավոր խմբավորման անդամներին՝ ադրբեջանական արմատներ ունեցող Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր տասնամյակներ շարունակ ահաբեկել և սպանել են իրենց իսկ հայրենակիցներին:

 

Այո, և թվում էր, թե ուր Ադրբեջանում ԵՄ դեսպանը, իսկ ուր քրեականների դեմ պայքարը Ռուսաստանում՝ գործընթացներ, որոնք տեղի են ունենում բացառապես Ռուսաստանի ներքին իրավասության շրջանակներում։ Եթե, գոնե, Ռուսաստանում Եվրամիության դեսպանը ինչ-որ բան հայտարարեր, օրինակ, իրավապահների կոշտության մասին, ապա դա կարելի էր տեղավորել ինչ-որ տրամաբանական “հումանիտար” շրջանակներում։

 

Եվ ահա, Միխալկոն Բաքվից, ոչ ավել, ոչ պակաս, որոշել է, այսպես կոչված, խորը մտահոգություն հայտնել Ռուսաստանում էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ “անմարդկային վերաբերմունքի” մասին հաղորդագրությունների առնչությամբ։ “Ես խորապես մտահոգված եմ Ռուսաստանում էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ բռնությունների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդագրությունների առնչությամբ, որոնք հանգեցնում են նույնիսկ մահվան դեպքերի՝ ռուսական անվտանգության ուժերի կողմից: Իմ մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են”, – գրել է նա Facebook-ի իր էջում։ Համաձայնեք, որ այս “մտքերով” տեքստն ավելի քան տարօրինակ է, և ժանրով ավելի հարմար է բարեկամ քրեական “համայնքի” անդամի հիշատակի խոսքի, այլ ոչ թե՝ ազատ Եվրոպայի պաշտոնական դեսպանի։

 

Հետաքրքրական է, որ այդ նույն դեսպանը, որի առաքելության մեջ է մտնում Ադրբեջանի տարածքում մարդու իրավունքների ՝ որպես եվրոպական արժեհամակարգի կարևոր տարրի, գործերի վիճակի մոնիտորինգը, ոչ մի անգամ նույն ջանասիրությամբ չի անդրադարձել արցախահայության դեմ իրականացվող անօրինական բեմադրված դատավարություններին, որոնց նկատմամբ արդեն երկրորդ տարին դաժան դատաստան է իրականացվում: Մենք չենք տեսել նաեւ եվրոպացի դիվանագետի սրտացավ արձագանքը, երբ ադրբեջանցի հրոսակները ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին բնորոշ մեթոդներով Արցախում գլխատում էին մանկահասակ երեխաներին, անպաշտպան ծերերին, կանանց՝ միայն այն պատճառով, որ նրանք ուզում էին ապրել իրենց հողում։

 

Մենք չենք հիշում նաև դեսպան Միխալկոյի հատուկ արձագանքը Ադրբեջանում լրագրողների, ընդդիմադիր գործիչների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետապնդումներին, որոնց հատկապես ջանասիրաբար “սեղմում” են ադրբեջանական իշխանությունները վերջին տարիներին։ Չէ որ Ադրբեջանի նույն պաշտոնական տվյալներով ՝ ավելի քան 300 ադրբեջանցի լրագրող և բլոգեր բանտերում են միայն այն բանի համար, որ համարձակվում են իրենց երկրի քաղաքացիներին ներկայացնել այլ ճշմարտություն, որը երևակայությամբ չի ստեղծվել Ալիևի պաշտոնյաների աշխատասենյակներում։ Եվ ահա անմիջապես Ադրբեջանին վերաբերող ոչ մի դրվագով դեսպան Միխալկոն ոչ մի անգամ այդպես եռանդում ելույթ չի ունեցել, բայց Ռուսաստանին վերաբերյալ կարելի է, իհարկե, դրա համար գլուխը կշոյեն Բրյուսելում, դե Բաքվում էլ “մի բանկա խավիար” կնվիրեն։

Leave a Comment