Ռուսաստանցի պատգամավոր, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Եկատերինբուրգում սփյուռքի խուզարկություններից դժգոհությունը Բաքվի համար Մոսկվայի հետ վիճելու առիթ է: Այս մասին գրում է Daily Storm պարբերականը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանը վաղուց Ռուսաստանի բարեկամը չէ և երկակի խաղ է վարում՝ սիրախաղ անելով Արևմուտքի հետ։
«Պարզապես մենք ցանկալին իրականության տեղ ենք ներկայացնում, երբ պատմում ենք Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մասին։ Նա ո՛չ Եվրասիական տնտեսական ընկերակցության, ո՛չ ՀԱՊԿ անդամ չէ, բայց Ադրբեջանի ղեկավարությանը հաճոյախոսությունների և քաղցր ելույթներով որոշ ժամանակ փորձում էինք ապացուցել (չնայած Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածին), որ մեզ մոտ Ադրբեջանի հետ ամեն ինչ լավ է զարգանում։ Իրականում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից եզրակացրել է, որ Ռուսաստանն արդեն իրեն այնքան պետք չէ, որքան մինչ այդ: Ավելի վաղ նրանք շահագրգռված էին, որ Ռուսաստանը չխանգարի զբաղվել Լեռնային Ղարաբաղով։ Ադրբեջանը փաստացի հասավ դրան, և մեր խաղաղապահների աչքի առաջ հայ բնակչությունը հեռացավ Ղարաբաղից։ Ռուսաստանի հետ ցուցադրաբար ընկերություն անելու առիթը կորել է», — ասել է Զատուլինը։
Նրա խոսքով՝ այդ պատճառով այլ առիթներ են որոնվում ցույց տալու, որ իրենք Ռուսաստանի հետ սառը հարաբերություններ ունեն։ «Հիմա գոռգոռոցներ են հնչել Եկատերինբուրգում ՌԴ-ի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիների նկատմամբ, որոնք կասկածվում էին մաֆիոզ կապերի և հանցագործությունների մեջ։ Եվ սա առիթ է համերգները, պետական այցերը չեղարկելո՞ւ»,- հարցրել է Զատուլինը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանը երկակի ստանդարտներ ունի։ «Նրա ղեկավարության պահվածքը ոչ մի շրջանակի մեջ չի տեղավորվում։ Կովկասում խաղաղություն փնտրողները Ղարաբաղում հաղթանակի կապակցությամբ անվերջ շքերթներ չեն կազմակերպում, չեն ոտնահարում ուրիշների դրոշները, բոլոր հայկական վանքերը չեն հայտարարում ալբանական։ Իսկ մենք աչք ենք փակում դրա վրա՝ մտածելով, որ մեզ չի դիպչի։ Բայց արդեն դիպել է և շարունակելու է դիպչել: Բայց Ռուսաստանի կողմից հետագայում էլ կլինեն երկխոսություն հաստատելու փորձեր», — եզրափակել է պատգամավորը։