Բաքվում շինծու գործերով նիստում Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախում ռազմական դատարան, ոստիկանություն և դատախազություն չի եղել

Քաղաքականություն

30.06.2025 | 17:56

Բաքվում շարունակվում է Արցախ ղեկավարների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե 2020 թվականին Հայաստանի նախագահը գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել  ԼՂՀ պաշտպանության նախարարին։

Նա ասել է, որ ինքը բանակի հետ կապված նման որոշում կայացնելու լիազորություն չի ունեցել․ «Գեներալ-լեյտենանտի կոչումը Ջալալ Հարությունյանին շնորհվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Նախագահն այս հրամանագիրը ստորագրել է վարչապետի ներկայացմամբ»:

Հարությունյանը նաև նշել է, որ Արցախում ռազմական հանցագործությունները քննելու համար ռազմական ոստիկանություն, ռազմական դատախազություն կամ ռազմական դատարան  չի եղել։

«Ռազմական ոստիկանությունը Հայաստանի զինված ուժերի կառույց է։ Ռազմական դատախազությունը նույնպես գործել է որպես Հայաստանի դատախազության մաս։ Կարծում եմ, որ ընդհանուր դատավարություններ են անցկացվել Սյունիքի դատարանում։ Այլ կերպ ասած՝ նման դատավարություններ Ղարաբաղում չեն անցկացվել»,- ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ ասել է նա։

Դատական նիստը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment