Իրանի ԱԳՆ-ն բացատրել է իր դիրքորոշումը «Ստամբուլյան հռչակագրի» վերաբերյալ, որն ընդունվել է Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով և պարունակել հակահայկական ձևակերպումներ։
Մասնավորապես,
հռչակագրում Բաքվի հրահրմամբ հիշատակվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի
համայնքը» և կոչ է արվել Հայաստանին «չխոչընդոտել արևմտյան ադրբեջանցիների
վերադարձին»։ «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությամբ Բաքուն նկատի ունի Հայաստանի
տարածքը։
Բացատրելով Թեհրանի
դիրքորոշումը՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ
Բաղաին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Իսլամական համագործակցության
անդամ պետությունները կարող են կոլեկտիվ փաստաթղթերում բարձրացնել հարցեր, որոնք
չեն արտացոլում յուրաքանչյուր անդամ պետության դիրքորոշումը:
«Մենք միշտ խոսել և
աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը: Հարավային Կովկասում
խաղաղությունն ու անվտանգությունը մեզ համար կարևոր են, մենք լավ
հարաբերություններ ունենք երկու երկրների հետ էլ: Միևնույն ժամանակ, մենք
հավանություն չենք տալիս այս կոնկրետ կետում հասկացությունների և բառերի օգտագործմանը,
և կարծում ենք, որ այդ բառերի օգտագործումը, որը կարող է արտացոլել տարածքների
վերանայման ցանկություն, ընդհանուր առմամբ տեղին չէ»,- հավելել է Բաղաին: