Հազարավոր ցուցարարներ Բանգկոկի փողոցներ են դուրս եկել՝ պահանջելով Թաիլանդի վարչապետի հրաժարականը

Հազարավոր ցուցարարներ են հավաքվել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում՝ պահանջելով վարչապետ Պաետոնգտարն Չինավատի հրաժարականը Կամբոջայի նախկին առաջնորդ Հուն Սենի հետ ունեցած հեռախոսազրույցի պատճառով, հայտնում է BBC News-ը։
Նրանց սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպին նվիրված հեռախոսազրույցում նա Հուն Սենին դիմել է «քեռի» և ասել, որ վեճը հարթող թայլանդցի զինվորական հրամանատարը «պարզապես ցանկանում էր իրեն լավ տղա ցույց տալ և անիմաստ բաներ էր խոսում»։ Այս արտահայտությունը հանրային վրդովմունք է առաջացրել, և կառավարող կոալիցիայում նրա առանցքային գործընկերը հրաժարական է տվել։
Պաետոնգտարնը ներողություն է խնդրել, սակայն իր զանգն անվանել է «բանակցություններ վարելու մեթոդ»։ Ջրհեղեղից տուժած հյուսիսային Թաիլանդ մեկնելուց առաջ Պաետոնգտարնը լրագրողներին հայտարարել է, որ «ժողովրդի իրավունքն է բողոքի ցույց անելու, եթե այն խաղաղ է ընթանում»։
Շաբաթ օրվա հանրահավաքն իր տեսակի մեջ ամենախոշորն էր այն պահից ի վեր, երբ 2023 թվականին իշխանության եկավ «Փհեու Թայ» իշխող կուսակցությունը։ Հազարավոր մարդիկ, չնայած մուսոնային անձրևին, փակել են Բանգկոկի «Հաղթանակի հուշարձան» ռազմական հուշահամալիրի մոտ գտնվող ճանապարհները՝ ծածանելով թայլանդական դրոշներ և պահելով պաստառներ այնպիսի կարգախոսներով, ինչպիսին է՝ «Վարչապետը պետության թշնամին է»։
Բողոքի ակցիայի առաջնորդ Պարնտեպ Պուրպոնգպանը հայտարարել է, որ վարչապետը «պետք է հրաժարական տա, քանի որ նա է խնդիրը»։
Պաետոնգտարնը հայտարարել է, որ այլևս չի զանգահարի Կամբոջայի նախկին առաջնորդին, սակայն Պարնտեպը Reuters գործակալությանն ասել է, որ շատ թայլանդցիներ կարծում են, թե Հուն Սենը մանիպուլյացիայի է ենթարկում նրան և նրա ազդեցիկ հորը։

Leave a Comment