
Ադրբեջանական АПА գործակալությունը, հղում կատարելով այդ երկրի մշակույթի նախարարությանը, գրում է, որ Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները (համերգներ, փառատոներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ) չեղարկվում են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եկատերինբուրգում մի խումբ ադրբեջանցիներ ձերբակալվել են 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք ծանր հանցագործությունների կասկածանքով: Նրանք ներգրավված են եղել պատվիրված սպանությունների և սպանության փորձերի մեջ, հաղորդել էր Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունների կապակցությամբ․
«Մենք խորը մտահոգություն ենք հայտնում հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգում ադրբեջանցիների տների վրա Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից իրականացված խուզարկությունների կապակցությամբ, որոնց արդյունքում մեր հայրենակիցները զոհվել են, ոմանք ստացել են ծանր վնասվածքներ, իսկ ինը մարդ ձերբակալվել է»։